Ժողովրդի համար հո նոր պրոբլեմ չե՞նք ստեղծելու. Պաշտպանության փոխնախարար

timthumb (1)

Ինչպես ադրեն տեղեկացրել ենք՝ ԱԺ-ում ընթանում է տարկետման սահմանափակման դեմ հանդես եկող ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումները։

Պաշտպանության նախարարության փոխնախարար Արտակ Զաքարյանն ուսանողների հետ հանդիպմանը նշեց, որ նրանք օրենքի դեմ են պայքարում, բայց օրենքը չի այդ խնդիրները լուծում, կառավարության որոշումներն են կարգավորելու այդ խնդիրները. «Օրենքը հավասարության սկզբունքներ է տվել և իր գործն արել է: Ասում եք՝ օրենքը կխոչընդոտի, դա մինչև հիմա է խոչընդոտել, խաղի կանոն է եղել. ով չի ուզել գնալ բանակ, չի գնացել՝ գիտության զոնտիկի տակ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հարկավոր է արվեստի, սպորտի և բոլոր ուղղությունների համար կարգեր մշակել, որ արժանի երիտասարդները կարողանան շարունակել գիտության զարգացումը:

«Դուք երևի ծառայության մասին ուրիշ պատկերացում ունեք։ Խրամատում, բլինդաժում, զորանոցում hնարավոր չէ գիտությամբ զբաղվել, բայց մենք քիչ թվով երիտասարդների մասին ենք խոսում և պատրաստ ենք նրանց համար ստեղծել պայմաններ: Մենք ոչ թե ասում ենք, որ այդ երիտասարդների համար ջերմոցային պայմաններ կստեղծենք, մենք ազնիվ չենք լինի, այլ կստեղծենք պայմաններ, որ այդ երիտասարդները, որոնք նպատակ ունեն, իրոք գիտությամբ զբաղվեն ու ավելի էֆեկտիվ են զբաղվելու, շնորհակալ են լինելու այդ տարիների համար: Հետո իրենք կորոշեն՝ մնան բանակում եւ գիտությամբ զբաղվե՞ն, թե՞ վերադառնան քաղաքացիական կյանք: Մենք փորձելու ենք այնպես անել, որ յուրաքանչյուր երիտասարդ ծառայի, բայց՝ իր գիտելիքները, կարողությունները ճիշտ օգտագործելով»,- ասաց նա:

Զաքարյանն ընդգծեց՝ այնպես պետք է անել, որ ժողովրդի համար խնդիրներ չառաջանան. «Մենք մեր ժողովրդի համար հո նոր պրոբլեմ չե՞նք ստեղծելու: Պետք է այնպես անենք, որ գիտությունը չտուժելով՝ դրանից շահի նաև ռազմական գիտությունը»:

Հիշեցնենք, որ ուսանողները մոտ մեկ շաբաթ դասադուլներ էին անում՝ բողոքելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Հետո համաձայնության եկան ԱԺ-ում հանդիպել ու քննարկել:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *