Ի՞նչը այնպես չգնաց…

timthumb (2)

Գաղտնիք չէ, որ Հայաստանը ներկայում ունի ֆինանսական ներհոսքի «երաշտ»: Անգամ Հայաստանի պես փոքր պետության համար վերջին յոթ ամիսների ընթացքում գրանցած արդյունքները անբավարար ցուցանիշ են, ինչը նշանակում է, որ պետք է փնտրել նոր տնտեսական գործընկերներ և բարելավել ներդրումային շուկան: Սակայն դրանով զբաղվելու փոխարեն՝ Փաշինյանը և իր թիմը փորձում են տպավորություն ստեղծել, թե վերջին ամիսների ընթացքում ջանք չեն խնայել ներդրումային միջավայրը բարելավելու համար: Սակայն պարզ վերլուծությունը թույլ է տալիս գալ այն եզրակացության, որ անցած յոթ ամիսների ընթացքում Փաշինյանի կառավարությունն իր գործնական քայլերով միտված էր հիմնականում առկա ներդրումային պոտենցիալը մսխելուն, քան թե այդ միջավայրի բարելավմանը:
Երեկ գործարար համայնքի հետ Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ կազմակերպված ընդունելության ժամանակ Փաշինյանն ակնարկել է , որ իրեն ուրախացրել են ներդրումների մասին խոստումներով: Մնում է հուսալ, որ խոսքն այս անգամ ևս տարեկան 15 հազար դոլարի շրջանառություն ունեցող ընկերության մասին չէ: Հիշեցնենք, ամիսներ առաջ հենց նման ընկերության հետ կնքած համաձայնագիրը իշխանությունները ներկայացրին որպես ներդրումային դաշտի հեղափոխություն:
Մեկը մյուսին հաջորդող քրեական գործերը, որոնց թիրախում հիմնականում գործարարներն են, խոսակցությունները անցումային արդարադատության մարմինների ստեղծման մասին, օլիգարխներին ասֆալտին փռելու օպերացիաները, Ամուլսարում Լիդիանի հետ առկա կոնֆլիկտը, որի հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Լոնդոնի արբիտրաժային դատարանում՝ այս ամենը, անշուշտ, էապես նպաստել են ներդրումային դաշտի բարելավմանը: Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում «Վարդերի հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Սաակաշվիլին և նրա կաբինետը միանգամից անցան գործնական քայլերի: Արդյունքում՝ դեպի Վրաստան ներդրումային հոսքը եռապատկվեց: Մեր իշխանությունները յոթ ամիս անց էլ խոսում են հեռանկարի մասին, պնդելով որ ներդրումները կգան, խոստումները կան: Մնում է, որ օրվա իշխանությունները հասկանան, որ խոստումներով բյուջեն չի լցվի, տնտեսությունը չի զարգանա, աշխատատեղեր չեն ստեղծվի:
Ավելին, եթե Փաշինյանի կաբինետն այս ամիսների ընթացքում իրապես ջանք թափած լիներ՝ ուղղված ներդրումային դաշտի բարելավմանը, գուցե այսօր ստիպված չլինեինք բյուջեն լցնել ամանօրյա տոներին ընդառաջ՝ հազարավոր մարդկանց գործազուրկ դարձնելով…
Ս.Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *