Ի՞նչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Արցախի համար

timthumb (1)

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկու երկրների զինված ուժերի միավորված խմբավորում ստեղծելու պայմանագիրը: Չնայած թղթի վրա խոսվում է միացյալ զորամիավորման նկատմամբ Ռուսաստանի ու Հայաստանի հավասար իրավունքների մասին, քաղաքագետները դժվարանում էին պատկերացնել մի իրավիճակ, երբ հայկական կողմն ընդդիմանում է ռուսների որոշումներին։ Այս համաձայնագիրը ռուսական նեոկայսերական քաղաքականության բաղադրիչներից մեկն է և ուղղված է հայկական բանակի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Պատահական չեն ընտրվել թիրախն ու ժամանակը: Գլոբալ իմաստով՝ Հայաստանի բանակը պետական միակ ինստիտուտն է, որն իր մեջ կրում է ինքնիշխանության, երկրի սուբյեկտայնության գաղափարը: Բանակը միակ պետական կառույցն է, որի անվան հետ ասոցացվում են հաղթանակի գաղափարը, հայկական հավակնություններն ու երազանքները:

Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը, ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին»: Ուշագրավ է` «համաձայնագիրը որեւէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»: Նախատեսվում է, որ խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակ, կախված իրավիճակից, նաեւ՝ «Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին»: Ո՞ւմ կողմից հնարավոր հարձակումներից, սպառնալիքներից է այդ զորախումբը պաշտպանելու` Ադրբեջանի՞ց, թե՞ Թուրքիայից: Բայց եթե միացյալ զորախումբը ուղղված չէ «երրորդ պետության դեմ»` ինչպե՞ս է «անվտանգության այլ սպառնալիքներին» հակազդելու: Իսկ գուցե Վրաստա՞նն է Ռուսաստանի մտքում: Մի խոսքով՝ հարցականները շատ են, սակայն հստակ բացատրություններ՝ հայկական կողմից առայժմ չկան, թե ինչ գործառույթներ է իրականացնելու միացյալ զորախումբը: Առայժմ միայն կարելի է ենթադրություններ անել եւ մտահոգություններ կան, որ Մոսկվան այդ համաձայնագրով Հայաստանին կարող է անակնկալներ մատուցել` ներքաշելով մեր երկիրը խնդիրների մեջ: Միաժամանակ, այս պահին կարելի է արձանագրել, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ ստեղծվելիք ստորաբաժանումները հազիվ թե օգտագործվեն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, երբ, օրինակ, անհրաժեշտություն առաջանա պաշտպանել Հայաստանի սահմանները Ալիեւի սանձազերծած ոտնձգություններից: Ըստ երեւույթին, Մոսկվան հայկական բանակի վրա հսկողություն ու ազդեցություն ունենալու ձգտում ունի այդ «ծրագրով»:

Ինչու չէ, դա կարելի է նաեւ դիտարկել որպես Լեռնային Ղարաբաղում ինչ-ինչ զարգացումների դեպքում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության համար կանաչ ճանապարհի բացում: Այստեղ հարկ է հիշեցնել, որ ապրիլի քառօրյա պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին, Սերժ Սարգսյանը նշեց, որ հրահանգել է ԱԳՆ-ին՝ աշխատել Արցախի հանրապետության հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այդ օրերին ասվում էր, որ կնքվելիք պայմանագրով հիմք կստեղծվի ԱՀ ճանաչման համար: Սակայն մինչ այժմ այդ պայմանագրի ճակատագիրն անհայտ է մնացել: Հայ-ռուսական միացյալ զորախումբը Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններում հնարավոր պատերազմական իրավիճակներում ինչպե՞ս է իրեն դրսեւորելու, ո՞ւմ հրահանգներին է ենթարկվելու: Եթե պատերազմի կամ պատերազմի վտանգի ժամանակ այն ենթարկվելու է ՌԴ Զինված ուժերին, ապա այս դեպքում հարցականներն, իհարկե, ավելանում են… Կամ՝ եթե, օրինակ, Վրաստանի տարածքում Ռուսաստանը ինչ-որ խնդիրներ ունենա, Հայաստանն էլ այդ միասնական զորախմբով պետք է մասնակցի՞ ՌԴ հնարավոր գործողություններին: Ի դեպ, տարօրինակ չէ՞ր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը, Դմիտրի Կիսելյովին տված վերջին հարցազրույցում անդրադառնալով հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը՝ այսպիսի հայտարարություն արեց. «Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում»: Այսինքն` անակնկալները չե՞ն բացառվում: Ըստ երեւույթին՝ ոչ, որովհետեւ Սերժ Սարգսյանի այդ մտքին հետեւեցին Կիսելյովի ճշտող հարցերը, ապա Սարգսյանի կողմից պարզաբանումը, թե չի կարծում, որ Գյումրիից բացի՝ նոր ռազմակայանի ստեղծման անհրաժեշտություն կլինի. «Փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն»։

Ըստ պայմանագրի և դրան կից կանոնակարգի, միացյալ խմբավորման նպատակները լղոզված են ու  ոչ միարժեք, իսկ դրանց մի մասը՝ պարզապես մտահոգիչ: Այսպես, խնդիրների մեջ են ոչ միայն հնարավոր ագրեսիայի հետ մղումը կամ երկրների սահմանների պաշտպանությունը, այլ, անգամ «տեղեկատվական» ու «տեղեկատվահոգեբանական» միջոցների հակազդեցությումը: Դժվար է ասել, թե ինչ գործողություններ են կանգնած այս, բավականին ոչ միարժեք խնդիրների հետևում: Սակայն, բացի պայմանագրով թվարկված խնդիրներից, դրանով նաև սահմանվում է, որ ՀՀ և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները կարող են սահմանել այլ խնդիրներ ևս: Սա նշանակում է, որ անկախ պայմանագրում նշվածից, համատեղ զորախումբը կարող է ստանալ ցանկացած այլ նպատակ ու դրանից բխող հրաման: Եվ, եթե հաշվի առնենք, որ պայմանագրով բավականին ընդհանուր են սահմանված «ագրեսիայի անմիջական վտանգ» հասկացությունը և այն տարածքը, ուր գործում է համատեղ զորախումբը, երկու երկրների ղեկավարները կարող են դրա վրա հիմնվելով, ընդհուպ մինչև Երևանում ցույցեր ցրելու, կամ, ասենք, Վրաստան ներխուժելու մասին հրաման տալ:

 

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *