Ի՞նչ գին ենք վճարելու ՝ ՄԱԿ-ում ընդդեմ ԱՄՆ-ի քվեարկելու համար

timthumb (2)

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Թուրքիայի ու Եմենի ներկայացրած բանաձեւը, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ է եղել 9-ը երկիր՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն: Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետություններին չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում: Մինչ այդ շեշտվում է, որ ճանաչման ցանկացած այլ քայլ կդիտարկվի առոչինչ: Հայաստանի քվեարկությունը տարօրինակ աժիոտաժ է առաջացրել, տարօրինակ՝ այն առումով, որ կարծես թե երկրորդ կարծիք լինել չի կարող, հայկական կողմը ելնելով իր և իր դաշնակիցների շահերից այլ կերպ քվեարկել պարզապես չէր կարող: Բացի այդ, հայկական կողմի քվեն ամերիկյան և իսրայելական կողմերին կարող էր տալ ընդամենը բարոյական աջակցություն՝ գործնական զրո արդյունավետությամբ: Հայաստանի քվեարկությունը պայմանավորված է արաբական աշխարհի ու Իրանի հետ հարաբերություններով, Պատրիարքարանի խնդրով: Բացի այդ, Իսրայելը չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, մենք էլ կարծես իսրայելական կողմին քաղաքական ռեվերանսներ անելու որևէ պատճառ չունենք:
Այս քվեարկությունից հետո Մերձավոր Արևելքում նոր իրավիճակ է ստեղծվում, որտեղ Միացյալ Նահանգները արաբակա-իսրայելական կոնֆլիկտում ակնհայտ կողմի է վերածվում, ինչից մի քանի հարցեր են առաջանում. ո՞վ է իր վրա վերցնելու արբիտրի դերը ու ո՞վ է լինելու մյուս կողմի տեսակետները ներկայացնող լիդերը: Հարցերի մյուս փունջը վերաբերվում է սիրիական, իրաքյան, եմենական ու մյուս կոնֆլիկտներին: Մերձավոր Արևելքում մի ասացվածք կա՝ բոլորը բոլորի դեմ են և բոլորը Պաղեստինի խնդիրը օգտագործում են իրենց նպատակների համար: Այստեղից առաջանում է հարց, իսկ նոր իրավիճակից ի՞նչ օգուտներ ու վնասներ ենք կարող ունենալ մենք: Ըստ էության, մենք կարծես թե ապահովագրված ենք ցանկացած սցենարի դեպքում: Միակ վնասը թերևս ֆինանսականն է՝ Հայաստանը կարող է զրկվել ԱՄՆ ֆինանսական աջակցությունից: ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին արդեն իսկ հայտարարել է, որ ԱՄՆ–ի համար ՄԱԿ–ի որոշումը ոչինչ չի նշանակում։ Ավելին` նա սպառնացել է և ասել, որ ԱՄՆ–ը կհիշի այս օրը, երբ հերթական անգամ ՄԱԿ–ին պետք կլինի Նահանգների ներդրումը և երբ շատ երկրներ իրենց իսկ բարօրության համար դրամական օգնություն հայցեն Միացյալ Նահանգներից։ Գաղտնիք չէ, որ օգնություն հայցողների ցանկում Հայաստանը մշտապես իր «պատվավոր» տեղն է ունեցել:
Ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է փոքր արյունով դուրս գալ: Ինչը չես ասի հարևան Ադրբեջանի մասին: Ադրբեջանը հայտնվել էր թակարդում. պետք է կոնկրետ դիրքորոշում արտահայտեր՝ քվեարկելով կողմ, դեմ կամ ձեռնպահ: Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը կողմ քվեարկեց: Հաշվի առնելով այդ երկրների շատ սերտ, անգամ ստրատեգիական հարաբերությունները, նաև զենքի առևտուրը՝ Ադրբեջանը երկիմաստ վիճակում է հայտնվում, ինչը մեզ համար թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *