Սա իհարկե անչափ անհավանական վարկած է, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀՅԴ-ն ոչ թե ցանկանում է լքել կոալիցիան, այլ ամեն կերպ ջանում է ապահովել իր ներկայությունը այնտեղ նաև ապրիլից հետո: Հետևաբար, ՀՅԴ գերագույն մարմնում կատարված կադրային փոփոխություններն այլ նպատակ են հետապնդում: Իսկ նպատակը հետևյալն է՝ այն մարդիկ, ովքեր իշխանության մեջ փող են սարքում, թող կապ չունենան կուսակցության՝ իբրև թե ղեկավար մարմնի հետ. թող այն լինի հնարավորինս մաքուր և ստերիլ լինի: Այն, որ Դաշնակցությունը հույսը չի կորցրել և դեռ պայքարելու է նոր կոալիցիոն կառավարությունում իր տեղը ապահովելու համար՝ հուշում է ոչ միայն ԳՄ նորացված կազմը, այլ այդ կազմից փաստացի դուրս մնացած ջոջերից մեկի՝ Աղվան Վարդանյանի տողատակերով լի հայտարարությունը: Վարդանյանը չի համաձայնել Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, թե ապրիլի 9-17-ը իշխանությունն ընկած է լինելու փողոցում, եւ մնում է վերցնել այն:
Վարդանյանը նաեւ ասել է, թե եթե նույնիսկ փողոցում է լինելու, ապա պարզ չէ՝ որ փողոցում, գուցե ընդդիմությունը գնա ոչ այն փողոցով, որտեղ ընկած է լինելու իշխանությունը: Վարդանյանն ակնարկում է, որ անհրաժեշտության դեպքում ՀՅԴ-ն կարող է ցույց տալ փողոցը, որտեղով արժե անցնել ընդդիմությանը: Իսկ անհրաժեշտությունը իրոք կարող է առաջանալ, և ՀՅԴ-ում դա քաջ գիտակցում են: Սերժ Սարգսյանը կարող է խզել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հաշվի առնելով ապրիլից հետո ձևավորվող նոր իրականությունը, որտեղ Սարգսյան վարչապետն առաջին իսկ հարմար պահի ձերբազատվելու է դաշնակցական բալաստից:
Ստելլա Խաչատրյան