Ի՞նչ կապ ունեն Գագիկ Բեգլարյանը և Ռուբեն Սադոյանը Վրաստանի վարչապետի հայտարարության հետ

timthumb (1)

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանում հայտարարել է, որ այսուհետ հայկական ապրանքները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են փոխադրվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տրանսպորտային միջանցքներով: Դրանք սահմանված են «Մաքսային կառավարման մեխանիզմների և ապրանքների մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական 2011թ-ի համաձայնագրով: Այդ միջանցքները Ռուսաստանը բացեց այն բանից հետո, երբ ԱՀԿ-ում Վրաստանը չեղարկեց Մոսկվայի անդամակցության շուրջ իր վետոն, իսկ այժմ, վրացական կողմը բարեկամական ժեստ է անում Հայաստանին՝ առաջարկելով ֆորս-մաժորային իրավիճակում օգտվել տարանցիկ այս ճանապարհից:
Նույնիսկ ավելորդ է նշել, թե ինչպիսի առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար Կվիրիկաշվիլիի այս հայտարարությունը:
Վերին Լարսի այլընտրանքի որոնումը դարձել էր Հայաստանի առջև ծառացած ռազմավարական խնդիրներից մեկը: Այս հարցի լուծման ուղղությամբ իր պաշտոնավարման տարիներին մեծագույն ջանքեր է գործադրել ՀՀ տրանսպորտի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Բեգլարյանի և Կվիրիկաշվիլիի մտերմութունը որևէ մեկի համար նորություն չէ: Նրանց միջև միջանձնային բարեկամական հարաբերություններ են հաստատվել դեռևս այն ժամանակ, երբ Վրաստանի ներկայիս վարչապետը զբաղեցնում էր տրանսպորտի նախարարի պաշտոնը: Կվիրիկաշվիլին և Բեգլարյանը բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել Հայաստանի համար կարևորագույն՝ Վերին Լարսին ալընտրանք գտնելու խնդրին: Երկու գործիչների միջև առկա մտերմության վերջին հաստատումն էլ եղավ այն, որ Վրաստանի վարչապետը, իհարկե ոչ պաշտոնական կարգավիճակով, ժամանեց Հայաստան՝ մասնակցելու Բեգլարյանի որդու հարսանեկան արարողությանը:
Նույնիսկ Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի ջերմ ընդունելությունը շատերը պայմանավորեցին հենց Գագիկ Բեգլարյանի գործոնով: Թեև Սադոյանը նոր է լծվել աշխատանքին, սակայն Թբիլիսիից ստացվող մեսիջները վկայում են այն մասին, որ դեսպանին հմուտ կերպով հաջողվում է օգտագործել Բեգլարյանի և Կվիրիկաշվիլիի մտերմությունը ի շահ մեր երկրի:  Սադոյանը արդեն իսկ հասցրել է աչքի ընկնել իր նախաձեռնողականությամբ, ինչը նկատենք, բավական հազվադեպ հանդիպող երևույթ է ՀՀ դեսպանների շրջանում: 
Նշանակումից հետո նա առաջին հերթին հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ, կարևորելով համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Սադոյանից առաջ բազմաթիվ հայ պաշտոնյաներ փորձել են շրջանցել վիրահայերի խնդիրները, ցանկանալով խույս տալ այդ «գլխացավանքից»:
Կազմակերպելով համայնքի հետ այս հանդիպումը Սադոյանը ցույց տվեց, որ նա փորձելու է հնարավորությունների սահմանում ակտիվորեն պաշտպանել հայ համայնքի ներկայացուցիչների իրավունքները և շահերը Վայաստանում:
Ի դեպ՝ ավելորդ չի լինի հիշեցնել, որ դա նույնպես ի սկզբանե բոլոր հայ դեսպանների առաջնահերթ պարտականությունն է:
Ընդհամենը օրեր առաջ էլ Սադոյանը հանդիպեց Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Խոսելով հայերի եւ վրացիների հոգևոր, մշակութային ընդհանրությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ կանի ամեն ինչ, որպեսզի եղբայրական ազգերի միջեւ կապն ավելի խորանա եւ ավելի ամուր հիմքերի վրա դրվի։
Կասկածից վեր է, որ վերջին շրջանում տարածաշրջանում ձևավորված իրավիճակը, ԵՄ հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին հնարավորություն է տալիս նոր որակ ստեղծել հարևան Վրաստանի հետ հարաբերություններում, և այդ գործընթացում առաջին պլան է մղվում Թբիլիսիում մեր դեսպանատան համակարգված, արդյունավետ աշխատանքը:  Այդ աշխատանքի առաջին և գլխավոր պտուղը հենց երեկվա հայտարարությունն էր, որը երկար տարիների աշխատանքի արդյունք էր և փաստացի Հայաստանին ազատում է Վերին Լարսի «պատանդառությունից»:
Գեորգի Կվիրիկաշվիլին Հայաստանին, ըստ էության, առաջարկել է այլընտրանքային ճանապարհ` կանխավ հաշվարկելով դրա հետ կապված ռիսկերը, որովհետև ակնհայտ էր, որ Վրաստանի իշխանությունները հայտնվելու են Բաքվի ու Անկարայի ճնշման տակ:
Եվ այդպես էլ եղավ, հարևան երկրներում արդեն իսկ հիստերիայի նոր ալիք է, թիրախն էլ՝ պաշտոնական Թբիլիսին և վարչապետը: Սակայն որոշումը կա, և այս որոշման կայացման մեջ հսկայական է հենց վերոնշյալ մարդկային, միջանձնային հարաբերությունների գործոնը:
 
Իսկ այժմ ավելի մանրամասն, թե ինչ նոր հնարավորոթյուններ են բացվում Հայաստանի առջև: Գաղտնիք չէ, որ մեր ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների զգալի մասը` 88 տոկոսից ավելին, կատարվում է Մաքսային միության անդամ երկրների, հատկապես, Ռուսաստանի հետ: Այդ պատճառով Վերին Լարսի անցակետը Հայաստանի համար մեծ ռազմավարական նշանակություն ունի, և դրա փակման դեպքում տնտեսական խնդիրներ է առաջացնում թե երկրի, թե միջազգային բեռնափոխադրող ընկերությունների համար: Ցավոք, Լարսում հաճախ տեղի են ունենում անկանխատեսելի իրադարձություններ` եղանակային անբարենպաստ փոփոխություններ, քարաթափում, ջրածածկումներ և այլն, ուստի հայկական կողմի նպատական է եղել գտնել այլընտրանքային ճանապարհներ, որպեսզի մեքենաները այլ ճանապարհով կարողանան անցնել սահմանը: Եվ այս խնդիրը արդեն իսկ լուծված է: Մեզ համար բավականին հետաքրքիր է աբխազական ճանապարհը: Այս ավտոճանապարհն անցնում է Սև ծովի ափամերձ տարածքով և ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով: Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռուսաստանի հարավարևմտյան շրջաններ ուղևորվողների, ինչպես նաև Ռուսաստան բեռներ հասցնելու տեսանկյունից:
Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունենում կլիմայական գործոնների ազդեցությամբ, այդուհանդերձ անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հարավային և Հյուսիսային Օսիաների տարածքով և Ռոկիի թունելով անցնող այս ճանապարհը նույնպես ավելի հարմար է Ռուսաստանի հետ կապվելու համար: Հայաստանը ստանում է Ռուսաստանի հետ կապող երկու շատ հարմարավետ, կարճ ու հուսալի ցամաքային ճանապարհ, ինչը բավականին դրական ազդեցություն կարող է թողնել թե՛ մեր տնտեսության, թե՛ տրանսպորտային հաղորդակցության, թե՛ Վերին Լարսի ճանապարհի անայլընտրանք լինելու հետ կապված մնացած բոլոր խնդիրների վրա:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *