Իմ փափկասուն Նալբանդյան…

Նալբ

Նորություն չէ, որ մեր երկրում չինովնիկների ամենասիրելի զբաղմունքն անհարկի ճոխություններ թույլ տալն ու սեփական ես-ը շոյող շռայլություններ անելն է, ինչը, ինչպես հասկանալի է, որպես կանոն, տեղի է ունենում ի հաշիվ հարկատուներիս միջոցների. պետական փողերը «քամուն տալու» գործում մերոնց հետ ոչ մի երկրի չինովնիկ չի կարող համեմատվել. սա’ աներկբա:

Որքան էլ, միգուցե, ոմանց համար կարող է անակնկալ լինել, բայց բանից պարզվում է, որ այս հարցում պարզապես անզուգական է ՀՀ արտգործնախարարությունն, ուր, դատելով որոշակի վիճակագրական տվյալներից, ամենաշատն են սիրում արտերկրյա ճանապարհորդությունները կազմակերպել այնպես, որ առավելագույնս հնարավոր լինի մսխել պետական բյուջեի սուղ միջոցները: Հայաստանի պետական գերատեսչություններից ամենաթանկ ավիատոմսերը ձեռք է բերում հենց Նալբանդյանի նախարարությունը: Մի քանի փաստ. հունիս ամսվա առաջին տասնօրյակին Երևան-Բիշքեկ-Երևան մեկ տոմսի համար ԱԳՆ-ն վճարել է 547.000 դրամ: Երևան-Սոֆիա-Երևան մեկ տոմսի համար՝ 531.000 դրամ, նույն օրերին Երևան-Բեռլին-Երևան մեկ տոմսի համար՝ 401.700 դրամ և այսպես շարունակ: Որպես կանոն, նախարարությունը կրկնակի շատ է վճարում մի բանի համար, որը կարելի էր ձեռք բերել կրկնակի էժան գնով. ինչո՞ւ…

Այս հարցի պատասխանը, թերևս, կարող է լինել մեկը. մեր դիվանագետներն, իրենց համարելով էլիտար մասնագիտությամբ էլիտար դեմքեր, ինչպես նաև շոյելու համար սեփական եսասիրությունը, «լայաղ» չեն անում սովորական մարդկանց նման ճանապարհորդել էկոնոմ դասով. նախընտրում են առանձնանալ մոխրագույն «մասսայից» ու,, ի հաշիֆ հարկատուներիս վոյաժներ են կազմակերպում’ այս կամ այն երկիր: Այցերը միգուցե և գործնական են, չենք կարղ հաստատապես ասել, բայց այն, որ այս ամենը ոչ մի կերպ չի կարղ տեղավորվել կառավարության հայտարարած համապատասխան միջոցառումների համատեքստում՝ ակնհայտ է:

Իսկ այս ամենը փաստում է մեկ բան’ ժուժկալությունը նախևառաջ կենսափիլիսոփայություն է, մի բան, որը, ցավոք, այնքան օտար է մեզ, բայց հատկապես’ հայրենի չինովնիկներին, ովքեր առիթը բաց չեն թողնում’ թաքուն, թե «ապաշքյարա» ինքնահաստատվելու պետական բյուջեի հաշվին, բյուջե, որ այսօրինակ անհեթեթությունների պատճառով կրճատվել-դարձել է մի բուռ մետաղադամների կույտ. Հայաստանի աղքատության հիմնական պատճառը ոչ այնքան օբյեկտիվ, որքան սուբյեկտիվ գործոններն են, որոնց արմատը, թերևս, թաղված է հայրենական չինովնիկների գլուխներում:

Նախևառաջ մտածելակերպ ու կենսափիլիսոփայություն է պետք փոխել երկրում ու նոր միայն անցնել այս կամ այն անձի փոփոխությանը, եթե իրոք ցանկություն կա՝ անցնելու խնայողական ռեժիմի. ո՛չ առաջինն է արվում, ո՛չ էլ երկրորդը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *