Իներցիո՞ն, թե՞ համեստ. ինչպիսի՞ն է բյուջե 2019-ը

timthumb (10)

2019թ.–ի բյուջեի նախագիծը Նիկոլ Փաշինյանը համարում է իներցիոն։ Այս մասին վարչապետը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Ըստ էության, մենք այս նախագիծը ձևավորում ենք նախկինից եկած իներցիայի տրամաբանության շրջանակներում, որովհետև ընդունված է, որ բյուջեն հիմնված լինի ոչ թե կանխատեսումների, այլ ավելի շատ՝ այսօրվա իրողությունների վրա»,– ասել է Փաշինյանը
Անդրադառնալով ներկայացված բյուջեի նախագծին` Փաշինյանը նշել է որ դրանով նախատեսվում է ծառայողական ավտոմեքենաների թվի էական կրճատում, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում։ Մյուս կողմից՝ 2019-ի բյուջեն ունի ևս մի քանի հետաքրքիր առանձնահատկություն: Օրինակ՝ Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2019թ.-ին գրեթե չի աճի։ Այս մասին նշված է հաջորդ տարվա բյուջեի նախագծում, որը հավանության արժանացավ սեպտեմբերի 27-ին՝ կառավարության նիստում։
Նախագծից նաև պարզ է դառնում, որ պակասուրդը կկազմի 151,6 միլիարդ դրամ։ Այդ թվում` պակասուրդի 53 մլրդ դրամը կփակվի ներքին աղբյուրներից, իսկ մոտ 99 միլիարդը` արտաքին։ 2019թ.-ին հարկային քաղաքականությունն ավելի խիստ կլինի, քան 2015-16թթ-ին՝ այն մեղմացրել էին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ 2017թ.-ի վերջի դրությամբ` Հայաստանի կառավարության ընդհանուր պարտքը կազմել է ՀՆԱ-ի 53,7 տոկոսը։ Մինչև 2023թ.-ը  նախատեսվում է այն նվազեցնել մինչև 49,8 տոկոս։ Մյուս հատկանշական պահն այն է, որ զգալիորեն կաճեն բյուջեի ծախսերը` 1 տրիլիոն 465 միլիարդ դրամից հասնելով մինչև 1 տրիլիոն 613 միլիարդ դրամ։ Եկամուտները  իրենց հերթին կաճեն 1 տրիլիոն 342 միլիարդ դրամից մինչև 1 տրիլիոն 534 միլիարդ դրամ։
Հարկ է նաև նշել, որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կտրուկ ավելացրել է ռազմական ոլորտի բյուջեն՝ 2019-ի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ գալիք տարի Պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 256,4 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ 528,7 միլիոն դոլար: Այս տարվա համեմատ աճը շեշտակի է և կազմում է 13,6%․ 2018-ի պետբյուջեով ՊՆ-ին հատկացված է 225,6 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ 468 միլիոն դոլար, ինչը վկայում է, որ նոր իշխանություններն այնքան էլ չեն վստահում Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության ձեռքբերմանը:
Շատերի կարծիքով՝ նման բյուջեն բավական խոստումնալից է, ոմանք էլ, սակայն, այն անվանում են համեստ և դա հասկանալի է. Հայաստանի տնտեսությունն այժմ առաջնային ախտորոշման կարիք ունի և եկող տարի սպասել տնտեսության թռիչքաձև աճին կամ ներդրումային բումին՝ մեղմ ասած՝ անհեռատեսություն է: 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերում ծրագրում առայժմ բարձրացում չի նախատեսվում և դա հենց խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ներկայացնելով բյուջեի բավական հավակնոտ նախագիծ՝ առանցքային կետերի հարցում զգուշավոր է գտնվել, կամ եթե կուզեք՝ իրատես…
Ս.Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *