Ինչն է եղել Վանաձորում զինվորականների ավտովթարի պատճառն ու ինչպես է գնահատվում վիրավորների վիճակը. մանրամասներ

timthumb (1)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան վիրավորներ. նրանք զինվորականներ են:

Վարորդը 1976 թվականին ծնված Հայկ Մանթաշյանն է, ով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի զինվորական հոսպիտալից հայտնեցին, որ նրա վիճակը բավարար է. «Գլուխն էր վնասվել, կար են դրել: Մի շարք վնասվածքներ է ստացել, սակայն վիրակապել են, հիմա վիճակը նորմալ է»,- ասացին հիվանդանոցից:

Մեզ հետ զրույցում Վանաձորի զինկոմիսարիատից հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ վթարի ենթարկված մեքենայի վարորդ Հայկ Մանթաշյանն աշխատում է իրենց մոտ՝ որպես Պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման և ամրագրման նախորոշման բաժնի պետ:

Վթարված մեքենայի մյուս վիրավորը 1990 թ. ծնված Գոռ Սողոմոնյանն է, ով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Այնտեղից մեզ փոխանցեցին, որ հիվանդանոց ընդունման պահին վիճակը ծայրահեղ ծանր է եղել. «Բազմաթիվ տրավմաներ է ստացել, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, սակայն պետք է տեղափոխվի Երևան: Ընդունման պահին վիճակը շատ ծանր է գնահատվել, այս պահին չեմ կարող ասել»,- ասացին բժշկական կենտրոնից:

Իսկ թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռևս պարզվում է: Սակայն պետք է նկատել, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհն ամբողջությամբ պատված է մերկասառույցով, մեքենայի անվադողերը ևս գտնվել են ոչ բարվոք վիճակում:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *