Ինչո՞ւ, այնուամենայնիվ, մարեց ապստամբությունը

վար

Ինչպես գիտեք, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ՊՊԾ գունդը գրաված ապստամբները կամովին վայր են դնում զենքերն ու հանձնվում իշխանություններին: Այս մասին, մասնավորապես, հայտնեց Վարուժան Ավետիսյանը՝ համոզմունք հայտնելով, սակայն, որ զենքերի վայր դնումը ամենևին էլ չի նշանակում պարտույթուն, չի նշանակում պայքարի ավարտ, պարզապես իրենք այս քայլին են դիմում՝ ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար:

Անշո՛ւշտ, դեռևս երկար է վերլուծվել ու վերջին կես ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների դրդապատճառներն ու դրա հնարավոր արդյունքների մասին հնչելու են բազմաթիվ կանխատեսումներ, սակայն պետք է ասենք, որ մի բան շատ հստակ է. տղաներն իրենց այսօրինակ քայլով ապացուցեցին, որ ոչ թե ահաբեկիչներ են կամ պարզապես զինյալներ, որ սեփական ամբիցիաներից ելնելով ու տարված անձնական բարեկեցություն ու փառք կուտակելու մոլուցքով՝ դիմեցին նմանօրինակ գործողությունների, այլ՝ իսկական պայքարի դուրս եկած մարտիկներ, որոնք, սակայն, այս անգամ պայքարում էին ոչ թե արտաքին թշնամու դեմ, ինչպես նախկինում են արել ու փառքով պսակվել, այլ փորձում էին յուրօրինակ պայքար մղել այն բոլոր բացասական երևույթների դեմ, որոնք բնութագրական են մեր իրականությանը դեռ շատ վաղուց, այն խնդիրների, պրոբլեմների ու սոցիալական անարդարության, որ կարծում են երկիրը ներսից:

Հաջողվե՞ց, արդյոք, նրանց իրենց այս յուրօրինակ ժեստով տեղ հասցնել այն ուղերձը, որ ցանկանում էին հղել. անխոս՝ այո: Համենայնդեպս՝ ժողովրդին հասան այդ ազդակները, մարդիկ արձագանքեցին նրանց կոչին ու դուրս եկան փողոցներ, փորձեցին իրենց բողոքի ձայնը միացնել ազատամարտիկների ձայնին ու վերևներին հասկացնել, որ նման կերպ այլևս չեն կարող ապրել, որ երկրում հասունացել է փոփոխությունների ժամանակն, ու ինքը՝ հասարակությունը, պահանջում է իր իշխանավորներից,որոնց գերակշիռ մեծամասնությունը թաղված է կաշառակերության, կոռուպցիայի, անպատժելիության ճահճում, վերափոխել հայաստանյան իրականությունն ու ամեն բան սկսել մաքուր էջից:

Եթե, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե որո՞նք էին ապստամբության նմանօրինակ ելքի բուն պատճառները, կամ ինչո՞ւ այս 15 օրերի ընթացքում հնարավոր չեղավ հասնել այն արդյունքին, որ ակնկալվում էր ապստամբության առաջին օրերին, պետք է ասենք՝ անկասկած, դրա պատճառը հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի պասիվությունն ու մարգինալիզվածությունն էր, համապատասխան գործիչների թուլակամությունն ու վճռորոշ պահին մարդկանց առաջնորդել չկարողանալը կամ չցանկանալը: Նրանք, որոնք բարձրագույն ամբիոններից կամ հարթակներից պայքարի ու հեղափոխության կոչեր էին հնչեցնում՝ դատափետելով ժամանակի իշխանություններին,ամենավճռորոշ պահին, երբ երկրում էական փոփոխություններ մտցնելու հնարավորություն ու առիթ էր ստեղծվել, երկնչեցին ու հավատարիմ իրենց տերերին՝ միայնակ թողեցին ժողովրդին հրապարակներում ու փողոցներում:

Իսկ ինչպես հայտնի է, ժողովուրդը, որքան էլ բազմաքանակ էլ լինի, ոչինչ չի կարող անել, եթե չունի առաջնորդներ. սրա ցայտուն օրինակը մենք տեսանք Հայաստանում:

Թե ինչպիսի փոփոխությունների ու հնարավոր տեղաշարժերի կհանգեցնի 15 օր տևած ապստամբությունը, կարծում ենք, ցույց կտան առաջիկա ամիսները, բայց որ իշխանությունները չեն կարող անտարբեր գտնվել տեղի ունեցածի նկատմամբ ու իրենց թույլ տալ նույն ապաշնորհությամբ կառավարել երկիրը, ինչ նախկինում, անհերքելի է. նմանատիպ դեպքերի կրկնությունը կանխելու միակ ճամփան քաղաքական կամք դրսևորելն ու երկրում արմատական ու էական բարեփոխումներ կատարելն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *