Ինչո՞ւ է լռում Արամայիս Գրիգորյանը

Արամայիս

Հայաստանում բնապահպանական խնդիրներից շատերը շարունակում են անլուծելի մնալ: Մի շարք ուղղություններով, չնայած մի քանի կարևոր բաներ արվել են, սակայն այդպես էլ մինչև վերջ չի հաջողվել արմատախիլ անել այն բոլոր պրոբլեմները, որոնք ներսից կրծում են երկիրն ու հայրենի բնությունը: Մասնավորապես՝ այդպես էլ շարունակում են անլուծելի մնալ Սևանի սիգին առնչվող խնդիրները:

Անցած տարի, պարզվում է, նույն Սևանից որսացել են արդյունագործական չափերի 430 տոննա սիգ, և սա այն պարագայում, երբ մեզանում ձկների ձվադրման համար նախկինում պիտանի համարվող գետերը ձկների բազմացման համար վաղուց բարենպաստ չեն համարվում: Որոշ մասնագետներ պնդում են, որ սրա պատճառը գետերի հունի փոփոխությունն է, կենցաղային աղբը գետերը լցնելու՝ բնակչության շրջանում տարածում ստացած արատավոր պրակտիկան, ինչպես նաև ՀԷԿ-երը:

Ցավոք, միայն Սևանով չէ, որ մեր երկրի բնապահպանական խնդիրները սկսվում ու ավարտվում են.ամուլսարի խնդիրը ևս շարունակում է ծառացած մնալ հայրենի բնության առաջ: Ամուլսարի ոսկու հանքը շահագործել նախատեսող «Լիդիան Ինթերնեշնլ» (Lydian International Limited) օֆշորային ընկերությունը, ինչպես հայտնի է, բավական տևական ժամանակ հրաժարվում էր Ջերմուկ քաղաքը ներառել սեփական առաջնահերթություններում՝ որպես համապատասխան ծրագրի ազդեցությունը կրող համայնք:

Բանից պարզվում է, սակայն, որ այս տարվա մայիսին սույն ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել համապատասխան փաստաթուղթ՝ շրջակա միջավայրի և համայնքների վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ, որում Ջերմուկ քաղաքը ներառել է որպես ազդակիր համայնք: Ինչպես պարզ է դառնում փաստաթղթից, կազմակերպությունը նախատեսում է Ջերմուկ քաղաքը առողջարանից վերածել հանքի աշխատողների ժամանակավոր կացարանի: Ըստ ընկերության կարճաժամկետ հաշվարկների՝ առողջարանի կարգավիճակի ժամանակավոր փոխարինումը՝ որպես հանքի աշխատողների բնակատեղի, ամբողջովին կփոխհատուցի այն կորուստները, որոնք առողջարանը կկրի հանքի գործունեության ընթացքում:

Անշո՛ւշտ, եթե որպես խնդրո առարկա դիտարկենք մեր երկրի տնտեսական զարգացումն ու նույն այդ տարածաշրջանում տնտեսական կյանքի աշխուժացումը, պետք է ասենք, որ ծրագիրն այդ բավական խոստումնալից է, իսկ ահա, երբ նույն երևույթը մեկ այլ պրիզմայի մոջով ենք անցկացնում, պարզ է դառնում, որ թվացյալ տնտեսական աշխույժությունը իրականություն է դառնալու՝ ի հաշիվ մեր բնության, ի հաշիվ այն բանի, որ Ջերմուկը, ըստ էության, դադարելու է առողջարանային քաղաք լինել: Լա՞վ է սա, թե՞ վատ: Այս հարցի պատասխանը, թերևս, պետք է տար Արամայիս Գրիգորյանը, ով, հանդիսանալով ոլորտի թիվ մեկ պատասխանատուն, ըստ տրամաբանության՝ պետք է որ հանդես գար ի պաշտպանություն հայրենի բնության, ինչը, սակայն, մենք չենք տեսնում. նախարարությունում կարծես միայն ու միայն ոգևորված են խոստումնալից թվացող ծրագրից, ինչը, համաձայնե՛ք, ոչ մի կերպ չի կարելի արդարացված համարել:

Հետո էլ ցանկանում ենք Հայաստանը վերածել տարածաշրջանային տուրիստական կենտորնի: Ինչպե՞ս ենք անելու դա, եթե անգամ մի Ջերմուկ չենք կարողանում պահել՝ տեղիք տալով դատարկ խոստումներին ու ոչինչ չասող հաշվարկներին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *