Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շարունակում վկա մնալ

timthumb

Լրատվամիջոցներից մեկը հրապարակել է Մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքից որոշ հատվածներ: Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակում։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը տեղեկատվության առումով այն որակեց արտառոց, որից պարզվում է, որ ՀՀ կառավարության շենքը 2008թ. մարտի 1-ին և դրան հաջորդած մի քանի օրերին հանդիսացել է, ըստ էության, հրամանատարական կետ, որը տառացիորեն տեղակայված է եղել Սերժ Սարգսյանի աշխատասենյակի հարևան սենյակում:


«Ցուցմունքից տպավորություն ստացա, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վարույթ իրականացնող մարմնին փաստական տվյալներ են հայտնի դարձել, որ ՀՀ ԶՈւ-ի բոլոր բանակային զորամիավորումներից, ինչպես նաև Արցախի ՊԲ-ից ստորաբաժանումներ են տեղափոխվել Երևան, որ կառավարության շենքը Մարտի 1-ին և դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում հսկվել է ռազմական ոստիկանության ծառայողների, ինչպես նաև Արցախի ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից, որ այսպես կոչված՝ 0038 գաղտնի հրամանի հիման վրա ձևավորված Երևանի կայազորի վարչակազմը Խաչատուրովի գլխավորությամբ տեղակայվել է կառավարության շենքում և անմիջապես այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատասենյակի հարակից սենյակում։ Սա արտառոց երևույթի մասին է  խոսում, որով հիմնավորվում է, որ 2008թ․ Մարտի 1-ին նախորդող և հաջորդող օրերին ՀՀ ԶՈւ-ն ուղղակիորեն ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ և այդ ժամանակվա գործող իշխանությունների կողմից օգտագործվել են ժողովրդական բողոքներն ու հուզումները ճնշելու և համատարած բռնություններ իրականացնելու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Զինված ուժերը դարձել են բռնության գործիք իշխանության ձեռքին։

Փաստաբանը հարց ուղղեց վարույթ իրականցնող մարմնին՝ եթե քննությամբ ձեռք բերված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա ո՞ր տրամաբանությամբ է Սերժ Սարգսյանը շարունակում պահպանել վկայի կարգավիճակը․ «Այսքանից հետո ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շարունակում մնալ վկա։ Մարտի 1-ի գործով ոչ մի ընտրովիություն չպետք է լինի և բոլորը, որոնք իրականացրել են քրեական օրենքով արգելված որևէ արարք, անկախ անձերից ու անուն-ազգանուններից, զբաղեցրած պաշտոնից ու դիրքից՝ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այս պահին Սերժ Սարգսյանին ոչ միայն սահմանադրական կարգը տապալելու, այլև որևէ մեղադրանք առաջադրված չէ։ Ըստ փաստաբանի՝ ՀՔԾ-ն պետք է պատասխանի այս ցուցմունքի հիման վրա՝ արդյոք Սերժ Սարգսյանի արարքում որևէ հանցակազմ կա՞, թե ոչ․ «Եթե կա՝ ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել, եթե չկա՝ ինչպե՞ս պետք է բացատրվի հանգամանքը, որ ի կատարումն 0038 հրամանի, ձևավորված վարչակազմը տեղավորվել է վարչապետի հարակից սենյակում, հիմա այդ վարչապետը որևէ դերակատարություն ունեցե՞լ է այդ գործընթացներում, թե ոչ»,- նշեց Նորիկյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործը ողջ ծավալով բացահայտված է, Նորիկյանը նկատեց՝ այդպես կարելի է համարել այն ժամանակ, երբ 10 զոհ իրականացնողները և հրաման տվողները հանրության համար պարզ կլինեն․ «Դրանից հետո նոր կարող ենք խոսել գործի ամբողջական բացահայտման մասին: Այլ խնդիր է, որ քաղաքական առումով հնարավոր է, որ Փաշինյանի համար պարզ է ամբողջ պատկերը։ Սակայն Մարտի 1-ի իրական մեղավորները հանրությանը հայտնի էին դեռևս 2008թ-ից»,- եզրափակեց փաստաբանը։

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *