Ինչո՞ւ հիշեցին 5 շրջանների մասին. ՌԴ-ի լատենտ օժանդակությունը՝ Սերժ Սարգսյանին

timthumb (3)

«Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ Արցախի հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից: Բայց այս երեք երկրներում այն տարբեր կերպ է մեկնաբանվում: Ադրբեջանական մամուլում այն գնահատվում է որպես հաղթանակ՝ «հայերից խլենք այդ հողերը», հայկական մամուլում դա գնահատվում է որպես դավաճանություն, իսկ ռուսական մամուլը բացարձակապես անտարբեր է:
Դուգինը, ով հանդիսանում է Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակը և ասում է այն, ինչը պաշտոնական Մոսկվան չի կարող բարձրաձայնել՝ ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից, փաստորեն հայտարարում է, որ նման պայմանագիր կա, սակայն այն չի ընդունվում հայկական կողմի համառության պատճառով: Հայկական կողմի դիրքորոշումը այս պարագայում հասկանալի է: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի հետ կարելի կլինի թղթի վրա ամրագրել որևէ կարգավիճակ կամ խաղաղություն: Այն, ինչ տեղի ունեցավ, փաստերով ցույց տվեց, որ բանակցված համաձայնության գալ հնարավոր չէ, ցույց տվեց վերաբերմունքը քաղաքացիական անձանց նկատմամբ, գերիների, զոհվածների դիակների նկատմամբ: Երկրորդը՝ ադրբեջանական կողմը հստակ և միանշանակ խոսում է ոչ միայն ամբողջ Արցախի մասին, որ իբրև թե դա ադրբեջանական հող է, ալ նաև Զանգեզուրի և Էրիվանի մասին: Ընտրությունը հետևյալն է. պատերազմ՝ ներկա դիրքերով, կամ պատերազմ՝ ավելի վատ և ավելի խոցելի դիրքերով: Մենք էլ ասում ենք՝ եթե պատերազմն անխուսափելի է, ուրեմն ավելի լավ է ընդունել ավելի առաջնային, ավելի պաշտպանված գծով, որը ավելի մեծ հնարավորություն կտա պաշտպանվելու, գուցեև՝ հակահարձակման անցնելու:
Մոսկվայից եկող նման ազդակը չի կարող պատահականություն համարվել նաև այս օրերին Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների և ապրիլին Հայաստանում սպասվող վարչապետի ընտրությունների ֆոնին: Հայաստանում օր օրի ակտիվանում են խոսակցությունները, թե վարչապետի պաշտոնում պետք է նշանակվի այն գործիչը, ով քաջատեղյակ է բանակցային գործընթացից և լավագույնս կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկիրը գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ: Դուգինը ակնարկում է, որ պաշտոնական Երևանն է մինչ օրս առկախում վերոնշյալ պայմանագրի ընդունումը: Սա, ինչ խոսք՝ դրական ազդակ է առաջին հերթին Սերժ Սարգսյանին և նրա վարչապետական ամբիցիաներին: Որքան էլ Հանրապետական կուսակցության ներսում ընդգծվի Սարգսյանի անփոխարինելիությունը անվտանգության հիմնախնդիրների լուծման հարցում՝ դաշնակցի կողմից դրա հաստատումը ավելորդ չի լինի: Եվ ահա Մոսկվան, իբրև անկախ կողմ, թեև այդպիսին իհարկե չի հանդիսանում, անկախ փորձագետի շուրթերով հաստատում է, որ հենց Սերժ Սարգսյանի քաղաքական կամքի և բանակցային բարձր պատրաստվածության շնորհիվ է, որ Բաքվի ցանկությունը մնում է լոկ ցանկություն: Սա Մոսկվայի միանշանակ, միևնույն ժամանակ՝ լատենտ օժանդակությունն է Սերժ Սարգսյանին ՝ ապրիլին ընդառաջ:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *