Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ. ժողովուրդն ինձ 99,7% քվե է տվել. Գորիսի համայնքապետ

timthumb (6)

Գորիսում քաղաքական կրքերը եռում են․ այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեց, սկսեցին լուրեր պտտվել, թե Հայկոբյանի հետևից կգնա  նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Իրավիճակը հասկանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց երիտասարդ քաղաքապետի հետ։

-Պարո′ն Առուշանյան,  քաղաքական փոփոխությունները ինչ-որ կերպ անդրադրձե՞լ են Ձեր պաշտոնավարման վրա։ 

-Մեր գործերն ընթանում են իրենց բնականոն հունով, քաղաքում ռեֆորմներ են տեղի ունենում․ այս պահին թվով 13  շինարարություններ են ընթանում։ Կապիտալ շինարարության հիմնական մասն արվում է իմ ընկերների, իմ ընտանիքի և բարեգործական միջոցներով։ Նոր իշխանությունների հետ ամեն ինչ կարգին է և իր բնականոն հունով ընթանում է։ Ինձ նույնպես ժողովուրդն է վստահել, ըստ այդմ, նոր իշխանությունների հետ կապված կասեմ, որ եթե ժողվուրդն է վստահել, ուրեմն այդպես է ցանկացել։ Նոր իշխանություններից առայժմ միայն դրական բաներ եմ նկատում։ Հուսամ՝ լավ կլինի, և մեր երկիրը կուժեղանա։

-Իսկ Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ առաջընթաց եք գրանցել համայնքում, օրինակ, նոր աշխատատեղեր ավելացե՞լ են։

-Իհա՛րկե ավելացել են: Այսքան կապիտալ շինարարություն է արվում՝ ինչը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում։ Համայնքապետարանում նոր բաժին ենք բացել, որտեղ ընդունում եք աշխատանք չունեցող մարդկանց ռեզյումեները։ Մենք խնդրել ենք բիզնեսմեներին, որ եթե նրանք կարիք ունենան աշխատողների, դիմեն համայնքապետարան։ Մոտ 300 մարդ միայն համայքապետարանի ձեռնարկած ծրագրերում է աշխատոււմ, իսկ մասնավոր սեկտորում չենք կարող հաշվել, թե որքան մարդու համար ենք միջամտել, որ տեղավորվեն աշխատանքի։

-Պարո′ն Առուշանյան, ի՞նչ կասեք Ձեր մոտալուտ հրաժարականի մասին տարածվող լուրերի կապացությամբ․ կգնա՞ք նախկին մարզպետի ետևից։ 

-Ինչի՞ համար։ ժողովուրդը ինձ 99,7% քվե է տվել։ Ես ստացել եմ մոտ 13 հազար քվե, հառակորդս՝ նախկին քաղաքապետը, ստացել է մոտ 50 քվե։ Ինչ վերաբերում է նախկին մարզպետին՝ Վահե Հակոբյանին, ապա նա շարունակում է աշխատել մարզի համար։ Գորիս համայնքում մինչ օրս էլ իր բարգործությունն անում է։ Տարբեր ծրագրերում իր ֆինանսական ահռելի ներդրումն ունի։ Այն նախաձեռնությունները, որ միասին սկսել ենք, շարունակում ենք անել։

-Իսկ Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ հանդիպե՞լ եք: Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։

-Մարզպետի ներկայացման օրն այնտեղ եմ եղել։ Գորիսում էլ՝ աշխատանքային միջավայրում, հանդիպել ենք, սակայն պաշտոնական ֆորմատով հանդիպում՝ առայժմ չի եղել։

-Ձեր կողմից հայտարարագրված անշարժ գույքն ու գումարները համատեղելի  չեն Ձեր ստացած  համեստ աշխատավարձի հետ։ Ինչպե՞ս կբացատրեք։

-Իմ ազգում, ընտանիքում, երբևէ չեն եղել պետական ապարատի աշխատակիցներ․ ես միակն եմ։ Դա իմ անձնական ներկայացրածն է, իսկ իմ ընտանիքը մի քանի անգամ ավելի շատ գումարներ ունի, որին հասել են իրենց քրտինքով։ 90-ականերից սկսած մինչ օրս, իմ ընտանիքը զբաղվում է լայնածավալ բարեգործություններով։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա ես այն չեմ էլ ստանում․ իմ աշխատավարձի քարտը տվել եմ մի անապահով ընտանիքի, նրանք են տնօրինում այդ գումարը։ Իմ ընտանիքի հովանավորությամբ ամեն ամիս 15 միլիոն դրամ եմ ծախսում՝ ապահովելով ողջ համայնքի համար անվճար տրանսպորտ։

Լիլիթ Հակոբյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *