Ինչու են հայ բիզնեսմեններն իրենց գումարները տանում Ռուսաստան. տնտեսագետ

timthumb (3)

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա հունվար ամսից Հայաստանից գումարների արտահոսքի մասին վիճակագրություն, ըստ որի՝ այս տարվա հունվարին ՀՀ-ից գումարների արտահոսքը կազմել է 42,6 միլիոն դոլար, ապրիլին՝ 86,2 միլոն դոլար: Հետաքրքրական է, որ գումարների մեծ մասի արտահոսքը եղել է դեպի Ռուսաստան:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ նախքան ՀՀ-ից այդ գումարների հոսքը կապիտալի արտահոսք որակելը պետք է կատարել համապատասխան խմբավորում, ինչը դեռ չի արվել:

Խոսելով 30 տոկոս օտարերկրյա ներդրումների աճի մասին, տնտեսագետը շեշտեց, որ ներդրումների աճը քաղաքացին իր մաշկի վրա կզգա միայն այն ժամանակ, երբ աշխատատեղեր ստեղծվեն. «Հայաստան բերվող գումարները միայն աշխատատեղեր բացելով կարելի է ներդրում որակել, անհանգստացնողն այստեղ այն է, որ նախարարությունը խոսում է մեկ գործարքից եկող ներդրումների, ոչ թե տնտեսության զարգացման երկարատև պլանավորման մասին: Կարող  են անգամ մեկ խոշոր գործարք կնքել, մեկ հանք բացել և խոստացված 850 միլիոնի ներդրումը իրականություն դարձնել, բայց  արդյո՞ք դրանով Հայաստանի տնտեսությունն աճի դինամիկա կունենա, արդյո՞ք շարքային քաղաքացիների համար աշխատատեղեր կստեղծվեն X քանակով, որից հետո միայն նա կզգա, որ տնտեսությունն աճում է, չէ՞ որ մի քանի գործարքով հարց չի լուծվում»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանից գումարների մեծ մասի արտահոսքը եղել է դեպի Ռուսաստան, տնտեսագետը շեշտեց, որ որպես դրա պատճառ կարելի է դիտարկել մի քանի ֆակտոր.

«Դեպի Ռուսաստան Հայաստանից գումարների արտահոսքի պատճառ կարող է լինել կամ այն, որ ներդրողները ժամանակին Հայաստան այնքան գումարներ են ներդրել, որ հիմա շահույթները տանում են Ռուսաստան, օրինակ՝ մեր երկրում մոտ 2000 ռուսական ձեռնարկություններ կան, որ միայն իրենց շահույթը երկրից հանեն, կստացվի ԱՎԾ հրապարակած ցուցանիշը: Մյուս պատճառը կապվում է նրա հետ, որ հայ բիզնեսմենները պարզապես իրենց բիզնեսները տեղափոխում են Ռուսասատան՝ ավելի շահավետ պայմաններում աշխատելու համար»:

Տնտեսագետից հետաքրքվեցինք նաև՝ արդո՞ք օֆշորային գոտիների հրապարակումից հետո մեր բիզնեսմեններն այլևս չեն փորձի հարկերից խուսափելու համար իրենց գումարները թաքցնել այնտեղ:

Վերջինս նշեց, որ Կառավարության կողմից օֆշորային գոտիների ցանկի հրապարակումը դեռ ոչինչ չի ասում, քանի որ հնարավոր է, որ այդ ցանկից դուրս մնա մի երկիր, որտեղ էլ կհանգրվանեն հայ բիզնեսմենների գումարները:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *