Ինչու հենց Արամ Սարգսյանը

timthumb

Հուլիսի 5-ին՝ ԵԿՄ նիստի ժամանակ, վարչության նախագահի պաշտոնում ներկայացվեց ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Քննարկվեց նաև ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու հարցը՝ այն կլինի սեպտեմբերին:

Սակայն ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Բան այն է, որ ազատամարտիկների մի խումբ Արամ Սարգսյանին չի տեսնում ԵԿՄ նախագահի դերում։ Մասնավորապես, Կոռնիձորի Արոն՝ Արա Խուդավերդյանն, այս պաշտոնում տեսնում է հենց ինքն իրեն։

«Երբ ես լինեմ միության նախագահ, եթե համագումարն ինձ ընտրի, եթե ես գամ, կորցնելու եմ իմ անձնականը և շահելու են բոլորը։ Առաջին հերթին՝ լուծարելու եմ երկրապահ կամավորականների վարչությունը՝ ստեղծվելու է միություն, միության նախագահ, միության խորհուրդ»,-օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա, իսկ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի երկրապահներ, մենք համատեղ պետք է պայքարենք շտկելու և բարելավելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը․ հարգանքներով՝ Կոռնիձորի Արո»։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի հետ, ով, ասաց՝ իրենք երբեք այդքան համերաշխ և կոլեկտիվ որոշում չեն կայացրել, ինչպես եղավ երեկ, երբ առաջարկվեց և ընդունվեց Արամ Սարգսյանի թեկնածությունը։ Իսկ Կոռնիձորի Արոն, այս պահին, ԵԿՄ անդամ չէ։

«Բացարձակ մեծամասնությամբ ընդունվել է Արամ Սարգսյանի թեկնածությունը։ Կարող են լինել այլ կարծիքներ, քանի որ յուրաքանչյուր ազատամարտիկ իր կարծիքն ունի։ Արա Խուդավերդյանն ասում է, որ ինքը հիմանդիր նախագահ է եղել, բայց նման բան ես չեմ հիշում․ ԵԿՄ առաջին նախագահը եղել է սպարապետ Վազգեն Սարգսյանը»։

Մեր թղթակիցը զրույցի ընթացքում նկատեց, որ  ժամանակին, երբ զոհվեց սպարապետը, նրա փոխարեն վարչապետ նշանակվեց Արամ Սարգսյանը՝ ի նշան հարգանքի, հնարավո՞ր է հիմա էլ է այս ընտրությունը կատարվում, որպես հարգանքի նշան Վազգեն Սարգսյանին:

Մեր թղթակցի նկատառմանը Ղուկաս Ուլիխանյանը պատասխանեց․ «Ճակատագրի բերումով պատմությունը կարծես կրկնվում է, բայց այստեղ ոչ միայն Վազգեն Սարգսյանի եղբայր լինելն է նկատի առնվել, այլև հաշվի է առնվել Արամ Սարգսյանի ազնվությունը, սկզբունքայնությունը, կամային հատկությունները»։

Ղուկաս Ուլիխանյանը նաև ավելացրեց, որ Արամ Սարգսյանը պատերազմի առաջին օրերից եղել է մարտի դաշտում և այն թյուր կարծիքը, թե նա մասնակից չէ իսկ ԵԿՄ նախագահը պետք է պատերազմի մասնակից լինի, ճիշտ չէ։

Լիլիթ Հակոբյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *