Ինչու Փաշինյանը չի գնա նման քայլի…

timthumb (1)

Մամուլում այսօր տեղեկատվություն է տարածվել, թե քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Որքանով էլ նման սցենարի հավանականությունը զրոյական է թվում, այնուամենայնիվ, պետք է նաև վերլուծել վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի այն քայլերը, որոնք կարող են ապագայում հանգեցնել նման փոխատեղման:
Այսօր, Արմեն Սարգսյանը, չնայած իր ունեցած քաղաքական ռեսուրսներին և լծակներին՝ շարունակում է մնալ քաղաքական գործընթացների ստվերում: Դժվար է ասել՝ դա Սարգսյանի՞ որոշումն է, թե՞ նոր իշխանությունների որդեգրած ռազմավարության արդյունք: Գաղտնիք չէ, որ այսօր Փաշինյանը որևէ ցանկություն չունի հրաժարվել սուպերվարչապետությունից, առավել ևս՝ ավելացնել նախագահի լիազորությունները: Տպավորություն է, որ այսօր իշխանությունների համար առավել արժեքավոր է Սարգսյանի ավտոմեքենան, որը ծառայում է բարձրաստիճան հյուրերին տեղափոխելուն, քան ինքը՝ Սարգսյանը, ով, իհարկե, կարող էր օգտագործել իր հեղինակությունը և միջազգային կապերը լուծելու համար նոր իշխանությունների համար ամենաբարդ՝ ներդրումների հարցը: Սակայն կառավարությունը այս պահին կարծես թե չի ցանկանում Սարգսյանին այդչափ խորքային ներքաշել խաղի մեջ, միևնույն ժամանակ, նրանից հրաժարվելու միտում էլ չի նկատվում՝ Փաշինյանը դժվար թե գտնի նախագահի պաշտոնին հարիր նման կալիբրի որևէ այլ գործչի: Ինչ վերաբերվում է Արմեն Սարգսյանին Լևոն Տեր-Պետրոսյանով փոխարինելուն, ապա նման սցենարը կարող է հավանական դառնալ միայն մեկ պարագայում՝ երբ օրակարգում հայտնվի, այսպես ասած, «տարածքների հանձնման» հարցը: Տեր-Պետրոսյանի մոտեցումն այս հարցում քաջ հայտնի է: Սակայն այս պահին նման օրակարգ չկա, համենայն դեպս՝ առերևույթ:
 
Մյուս կողմից՝ շատ կարևոր հարց է, թե որը կարող է լինել Սարգսյանի փոխատեղման պատճառը: Գուցե այն, որ քաղաքականություն է վերադարձել Ռոբերտ Քոչարյա՞նը: Չմոռանանք, որ թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը հանդիսանում են նախկին համակարգի ներկայացուցիչներ: Կարո՞ղ է արդյոք այդ տանդեմը որոշակի վտանգ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական պլանների համար: Այս հարցին միանշանակ պատասխանելը անչափ բարդ է, քանի որ կարող ենք հիմնվել միայն որոշակի փոխադարձ մեսիջների վրա, որոնք այս ընթացքում հնչել են երկու կողմից էլ: Քոչարյանի շնորհավորանքը Սարգսյանի պաշտոնավարման կապակցությամբ թեև քաղաքական պրակտիկայում ընդունված երևույթ է, միևնույն ժամանակ՝ շատերն այս շնորհավորանքի տակ նկատեցին քաղաքական կսմիթ: Քոչարյանը Սարգսյանին մաղթել էր «քաջ առողջություն»: Չմոռանանք, որ 1996-ին, երբ Սարգսյանը թողեց վարչապետի պաշտոնը առողջական խնդիրների պատճառով, նրա տեղը հրավիրվեց հենց Քոչարյանը: Կարո՞ղ է արդյոք Սարգսյան–Քոչարյան զույգը որոշակի կոնսոլիդացիայի գնալ՝ այն էլ՝ Փաշինյանի թիկունքում: Այս պահին նման նախանշաններ չկան, միևնույն ժամանակ, Սարգսյանը ավելի հաճախ է սկսել ակնարկել՝ նախագահի լիազորությունները ավելացնելու անհրաժեշտության մասին: Գուցե դա է այն գինը, որը ակնկալում է ստանալ է Սարգսյանը…

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *