Ինչպե՞ս ստանալ վարչապետի «դաբրոն»

timthumb (3)

Երեկ պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել, այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսային: Այս ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում: Կառավարությունում նրանց առավել քան ջերմ են ընդունել, իսկ տարածաշրջանային տնօրենն էլ ասել է, որ իրենց ընկերությունը շահագրգռված է մեր երկրում, ինչպես նաև Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկաներում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում:

Ուշագրավ է այն փաստը, որ իր ոլորտում այնքան էլ մեծ հեղինակություն չվայելող ընկերությունը Հայաստանում բիզնես սկսելու թույլտվությունը եկել է վարչապետից ստանա: Իսկ սա խոսում է այն դառը իրականության մասին, որը անկախ պաշտոնյաների հավաստիացումից ձևավորվել է բիզնես դաշտում: Մեր երկրում, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ տնտեսագիտական դասական կաննոները բախվում են հայաստանյան աբսուրդային իրականությանը` ցույց տալով վերջինիս նկատմամբ իրենց կատարյալ անկենսունակությունն ու անպետքությունը: Մոնոպոլիզացված, ավելի ճիշտ մեջ-մեջ արված խոշոր բիզնեսը ոչ միայն սերտաճած է պետության հետ, այլև ինքնին ներկայացնում է պետությունը: Եվ սա կրում է բացահայտ բնույթ: Երբ հանրապետության նախագահը հայտարարում է, թե այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարող մեկից ավելի շաքարավազ ներկրող լինել, սովորական խանութպանը կամ տոնավաճառի աշխատողը անմիջապես հասկանում է, որ անհրաժեշտության դեպքում պայքարելու է իրականում ոչ թե խոշոր բիզնեսի դեմ, այլ պետության և չինովնիկների, որոնք հավասարապես նաև խոշոր բիզնեսի հիմնական խաղացողներն են: Հայաստանի տնտեսությունը մենաշնորհված լինելու պատճառով զրկված է արտադրության ծավալների մեծացումից, արտադրանքի տեսականու նորացումից, որակի բարելավումից, և աճի ապահովումից: Մենաշնորհային շուկայում, որտեղ կա որևէ ապրանքի կամ ծառայության միայն մեկ վաճառող և բացառված է մեկ ուրիշի մուտքն այստեղ, մենատերերը, չարաշահելով սեփական դիրքը, իրենք են որոշում շուկային առաջարկվող ապրանքի քանակը և գինը: Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանն ունի մենաշնորհների ավելի մեծ առկայություն, քան տարածաշրջանի որևէ այլ երկիր:

Մոնոպոլ կառուցվածք ունի հայաստանյան շուկաների 60%-ը: Նույնն է նաև ԱՄՀ-ի գնահատականը: Հայաստանի տնտեսությունը հսկվում է մենաշնորհների և այլ օլիգոպոլ կառույցների կողմից: Տնտեսության պատասխանատուները կարող են երկար խոսել մեր երկրում ներդրումներ անելու, բիզնես սկսելու գործընթացի հեշտացման, պարզեցման մասին, հերքեն մենաշնորհների առկայությունը, սակայն փաստերը ավելի խոսուն են: Գործարարներին պարզապես այլ բան չի մնում, քան գնալ շատ վերև, հասնել մինչև վարչապետ և ստանալ նրա «դաբրոն», որ իրենց հետագայում չեն նեղացնի:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *