Ինչպե՞ս տապալել պատմական շանսը…

timthumb (1)

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվող թեմաների շարքում են Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացումը և նորությունը, որ ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Իրանից ներմուծվող բնական գազի ծավալները: Դեռևս Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը բարձրացրել է էներգետիկ ու տարանցման ոլորտներում հայ-իրանական համագործակցության հարցը` մատնանշելով այդ համագործակցության կարևորագույն դրույթները: Թե ինչ է դա նշանակում գործնականում Հայաստանի համար, գիտեն բոլորը` գազ և ճանապարհ: Բայց ոչ ոք չգիտի` դեռ ինչքա՞ն Իրանը կառաջարկի՝ Հայաստանը կլռի: Հաշվի առեք նաև Իրանի ԱԳ նախարարի այցի պահը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից օրեր անց: Բնական է, որ Թեհրանը չի կարող չօգտագործել 170 միլիոնանոց ԵՄ շուկա մուտքի հնարավորությունը, որքան էլ նրան հայկական կողմը հրի 80 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա:
Հայաստան-Իրան երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ցածր մակարդակի վրա են և համարժեք չեն Հայաստանի ու Իրանի միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակին: Վերջին տարիներին Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալները տատանվել են 200-300 մլն. դոլարի սահմաններում, մինչդեռ արդեն մի քանի տարի է, որ հայ և իրանցի պաշտոնյաները խոսում են այդ թիվը 1 մլրդ. դոլարի հասցնելու անհրաժեշտության մասին: Այդ նպատակով որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են: Մասնավորապես, վերջերս Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական կառավարությունների միջև ստորագրվեց «Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է էլ ավելի մատչելի և դյուրին դարձնել Մեղրի և Նուրդուզ մաքսային անցակետերում կատարվող ծառայությունները` ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների հետ կապված: Ինչ վերաբերում է արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծման մասին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, ապա դա միանշանակ ողջունելի նախաձեռնություն է, ինչը թույլ կտա մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները:
Այս ամենը իրականություն կդառնար, եթե չլիներ մեկ «բայց»: Հայաստանի կառավարությունն անցյալ շաբաթ Իրանի կողմից տրամադրված միջոցներով վերակառուցած գազամատակարարման համակարգը Մեղրիում եւ Ագարակում գրչի մեկ հարվածով նվիրաբերեց ռուսական մոնոպոլիստ «Գազպրոմ»-ին: Համակարգը մինչ այդ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության բալանսի վրա էր եւ համարվում էր պետական սեփականություն: Հայաստանը մշտապես հայտարարում է, որ մենք «բազմավեկտոր» ենք, «եւ-եւ» ենք, սակայն երբ գալիս է այդ փաստը գործնականորեն ապացուցելու պահը՝ Հայաստանի կառավարությունը նման անտրամաբանական և ՀՀ շահերին հակասող քայլեր է կատարում: Էներգետիկայի նախարարը դեռ լիահույս է, որ իրանական բիզնեսը շտապելու է Մեղրի նորաբաց ԱՏԳ: Մինչդեռ հարևան երկրի գործարարներն արդեն իսկ շատ լավ պատկերացնում են Հայաստանի կառավարության գործելաոճը, և բնական է, որ չեն շտապելու սեփական փողերը բառի բուն իմաստով՝ Արաքս գետը թափել: Հատկապես, որ այնտեղ մեզ անհասկանալի վտանգներից պաշտպանում է Ռուսաստանը: Մենք սպառնալիք ունե՞նք Իրանի կողմից, այն էլ՝ այնպիսի, որ ինքներս չենք կարող դիմագրավել: Մեզ կասեն՝ ահաբեկչություն, թմրադեղեր, անօրինական միգրացիա եւ այլն: Բայց ո՞վ է ասել, որ մեզ այդ ամենից պետք է Արաքս գետի վրա Մեղրիում պաշտպանեն ռուսները: Եվ այստեղ ուղղակի հարց է ծագում. իսկ Հայաստանի կառավարությունն այստեղ ո՞ւմ կողմից է խաղում: Եվ ո՞ւր կորավ այստեղ այդ «եւ-եւ»-ը: Այսպե՞ս ենք պատրաստվում կամուրջ դառնալ ԵՏՄ-ի, Իրանի, ԵՄ-ի միջև: Եթե սա նույնիսկ կամուրջ է, ապա անչափ խարխուլ, որը նույնիսկ մեզ համար է վտանգ ներկայացնում: Իշխանությունն ինքն իր համար է սպառնալիքի վերածվելու, երբ ասելիք չի ունենա ո՛չ Թեհրանին, ո՛չ Բրյուսելին, ո՛չ էլ Վաշինգտոնին, երբ կֆիքսվի, որ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող հաղորդակցության գլխավոր խոչընդոտը դառնում է Հայաստանի քաղաքականությունը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *