Ինչպես ծախսել 100 դրամը. 2-րդ դասարանից սկսած՝ դպրոցներում բիզնես անել կսովորեն

timthumb (5)

Այսուհետ ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում երկրորդ դասարանից սկսած աշակերտներին կսովորեցնեն՝ ինչպես ճիշտ բիզնես վարել:

 

Նշենք, որ Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ նախաձեռնել բիզնես առարկայի դասավանդումը դպրոցներում, ինչն այսօր իրականություն դարձավ՝  ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի ղեկավար Արմինե Հովհաննիսյանի մասնակցությամբ ստորագրված համագործակության հուշագրով:

 

Հուշագրով՝ կողմերը համաձայնեցին ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում 4 տարի տևողությամբ ներդնել  բիզնես դասընթաց, որի դասավանդումը կսկսվի 2017 թ.-ի սեպտեմբերից:

 

Նախարար Լևոն Մկրտչյանը, խոսելով հուշագրի մասին՝ նշեց, որ Արմինե Հովհաննիսյանի ղեկավարության տակ գտնվող այս կազմակերպության հետ նախարարության համագործակցությունը տարիների պատմություն ունի և շարունակական է լինելու ««Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի հետ մենք մինչ հիմա աշխատում էինք ավագ դպրոցում, հիմա արդեն՝ կաշխատենք կրտսեր դպրոցի հետ: Կրտսեր դասարանների վերջին փուլում սովորող աշակերտները կկարողանան ուսումնասիրել իրենց մատուցվող  ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները՝ դրանք կյանքում կիրառելու համար»:

 

Նախարարը նշեց, որ Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ այս ծրագիրը դառնում է իրականություն, որը աշակերտներին գիտելիք տալուց բացի՝ ունի նաև դաստիարակչական ուղղվածություն. «Այս նոր առարկայի շրջանակներում նրանց սովորեցնելու են՝ ինչպես ծախսել հարյուր դրամն ու նաև դրանից նվիրատվություն անել, և  սա դաստիարակության հետաքրքիր տարբերակ է»,— հավելեց նախարարը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը՝ չկա՞ մտավախություն, որ այս նոր առարկայի ներմուծումը դպրոց՝ կդառնա քննադատությունների առարկա՝ հաշվի առնելով հատկապես կրտսեր դասարաններում երեխաների ծանրաբեռնված կրթական ծրագիրը, նախարարը պատասխանեց. «Այո՛, ծանրաբեռնվածության խնդիր՝ մենք ունենք: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մենք չենք  կարողացել գիտելիքը հմտությունից առանձնացել և կրճատել շատ մեծ քանակ ունեցող առարկաների ցանկը: Սակայն, պետք է նշեմ, որ ձեռնարկատիրական կրթության ներդրմամբ՝ մենք նոր առարկա չենք ավելացնելու, այլ այն բաշխելու ենք «Տեխնոլոգիա», «Ես և շրջակա» և ևս երկու առարկաների մեջ: Այստեղ խոսքը վերաբերում է ծրագրային փոփոխություներին, հետևաբար, այն հավելյալ ծանրաբեռնվածություն չի առաջացնի»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ առարկաների ծանրաբեռնվածությունը Կրթության նախարարության համար մինչ օրս համարվում է խնդիր:

 

Աղավնի Սուքիասյան 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *