Ինչքան քիչ ենք խոսում, այնքան շատ ենք դիրք առաջ տալիս. Արծրուն Հովհաննիսյան

8fa2f09d1559f080bea98f427eac6416

«Նախիջևանյան հատվածի նոր դիրքերում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել և կից լուսանկարներ է հրապարակել  Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Թե ինչ ասել է նոր դիրքեր, արդյո՞ք դրանք Նախիջևանի տարածքից հետ բերված դիրքեր են, թե ոչ, փորձեցինք ճշտել հենց ՊՆ խոսնակից: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը թեև փորձեց պահել ինտրիգը, սակայն նշեց, որ մենք մշտապես ավելի շատ դիրքեր ենք առաջ տվել, քան հակառակորդը, բայց դրա մասին չենք սիրում բարձրաձայնել:

«Ինչքան քիչ ենք խոսում, այնքան շատ ենք դիրք առաջ տալիս: Ինչքան շատ ենք խոսում, այդքան քիչ ենք դիրք առաջ տալիս: Ոչ միայն Նախիջևանում, այլև այլ տարածքներում ևս շատ դիրքեր ունենք առաջ տված»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին՝ ի տարբերություն մեզ, հակառակորդն անընդհատ բարձրաձայնում է իր հզորության մասին՝ ի ցույց դնելով զինտեխնիկան, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Դա ինձ երբեք չի զարմացրել, դա հակառակորդի մշտական գործելաոճն է, իրենց մոտեցումն է: Հակառակորդը երբեք չի թաքցրել և մեզ համար էլ գաղտնիք չէ, որ ինքն ավելի մեծ միջոցներ ունի և հարուստ է, հետևաբար, ավելի շատ զենք է գնում: Բայց չենք գնում մրցավազքի մեջ մտնելու ճանապարհով, որ փորձենք նույնքան և նույնատիպ զենք գտնել: Հուսամ՝ ինձ ճիշտ կհասկանան. ես ուրախ եմ, որ հակառակորդը ավելի շատ կոնկրետ զենքի մասին է մտածում և ոչ թե զորքի մարտունակության»,- նկատեց Հովհաննիսյանը:

Փաստորեն, ինչպես փաստեց Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմն այս տարիների ընթացքում բազմաթիվ դիրքեր է առաջ տվել, բայց երբեք դրա մասին չի բարձրաձայնել: Ի տարբերություն մեզ՝  Ադրբեջանը ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում է, որ հակամարտությունը լուծելու է ռազմական ճանապարհով, ուստի  միլիարդավոր դոլարներ չի խնայում ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք կուտակելու համար: Բայց պետք է նկատենք նաև, որ ինչպես պարզ դարձավ Ապրիլյան պատերազմի ընթացքում՝ հաղթելու համար մեծ քանակությամբ զինամթերք ու բյուջե ունենալը բավարար չէ, ինչպես 1991-1994 թթ. պատերազմում, կարևոր է նաև մարտունակությունը:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *