Ինչ գործարան կբացի Աղաբաբյանը

timthumb (2)

Ֆինանսական բարդ վիճակում գտնվող Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը դեռևս տարիներ առաջ սնանկ էր ճանաչվել, արդյունքում՝ Աղաբաբյանը հայտնվել էր ֆինանսական ծանր դրության մեջ, դա մամուլը և ինքն անձամբ՝ բազմիցս հայտարարել էր:

Նախկին պատգամավորն այս ընթացքում փնտրտուքների մեջ էր և, այսպես ասած, ձեռքերը ծալած չէր նստում. նա մեկ որոշեց մարզադաշտը սպորտային կենտրոնի վերածել, մեկ էլ՝ «Հրազդան» տոնավաճառում բացել էր գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ տոնավաճառ, որը, սակայն, շատ կարժ ժամանակում փակվեց:

Այժմ էլ Աղաբաբյանն ասես ուզում է ցույց տալ, որ ամեն բան վերջացած չէ իր կարիերայում և նոր ելքեր է փնտրում: Աղաբաբյանը  որոշել է նոր գործարան հիմնել:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս հայտնեց, որ պատրաստվում է Ղուկասյան գյուղում նոր ֆիրմային գործարան կառուցել. «Երբ ասացի՝ գնում եմ երկրից դուրս, ընկերներս ասացին, որ կարող ենք լավ ներդրողներ ունենալ և իրագործել ծրագրերս: Ես սնանկ ճանաչված հիմնարկ ունեմ, ինչպե՞ս կարող եմ ներդրում անել, դրա համար՝ գնում եմ դուրս, որ ներդրողներ բերեմ: Թե ինչքան ներդրում կպահանջվի, չեմ կարող ասել, մեր բիզնեսի գաղտնիքը հո չե՞մ ասելու, մինչև գործը չլինի ինչպե՞ս կարող եմ ասել, հետո սխալ դուրս կգամ»,- նշեց նա:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ղուկասյանի տարածքում գործարան հիմնելը, նախկին պատգամավորն ընդգծեց՝ այնտեղի ջուրը շատ լավն է. «Գործարան որտե՞ղ են սարքում, որտեղ ջրի ակունք կա: Անալիզներն արել ենք, շատ լավ, համով ջուր է: Այդ ջուրը որ եղավ՝ ինվեստրը կամ պետք է Եվրոպայից, կամ Չինաստանից, ինչու չէ՝ նաև Ռուսաստանից լինի»,- նշեց նա:

Աղաբաբյանի խոսքով՝ կստեղծվի 600-ից ավելի աշխատատեղ. «Աշխատողները լինելու են միայն բանակից զորացրված երիտասարդներ, ազատամարտիկներ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք մեր զորացրված երիտասարդներին չթողնենք դուրս գան Հայաստանից, այլ մնան և աշխատեն: Իրենք էլ պատրաստ կլինեն նաև հարկ եղած դեպքում սահմանին կանգնելու որպես կամավորներ»:

Մեր այն դիտարկմանը, թե շատ արտադրողներ այսօր բողոքում են հարկային դաշտից, ինչպե՞ս է որոշել կրկին մտնել այդ ծանր բեռի տակ, Աղաբաբյանն ասաց.

«Հարկայինը չեմ կարծում՝ գնա մեկի դուռը փակի, ասի՝ չպետք է աշխատես, թող չխափեն՝ չփակի, եթե մաքուր, պարզ աշխատեն, պետության հարկերը տան՝ հարկայինն ի՞նչ պետք է ասի»,- հավելեց նա:

Նշենք, որ «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը ևս պատկանում է Աղաբաբյանին և ինչպես նշեց նա՝ նույն օրինակով,  նոր արտադրություն է հիմնելու:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *