Ինչ պահանջ է դնում ԱՄՆ-ը՝ ֆինանսական աջակցության դիմաց

timthumb

Օրերս գործադիր էին այցելել Միացյալ Նահանգների դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, որոնք Կարեն Կարապետյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հարցեր, հայտնել բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն: Առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն փորձեր է կատարում մեծացնելու սեփական ներկայությունը Հայաստանի տնտեսությունում: «ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության տարաբնույթ ծրագրերի միջոցով աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, որը միտված է ժողովրդավարության ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ձևավորմանը»,-ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը` ըստ էության՝ նաև համապատասխան ազդանշան ուղարկելով Կառավարությանը:
Այցը ուշագրավ է հատկապես վերջին օրերին ԱՄՆ-ՌԴ ավելի քան սրված հարաբերությունների և ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «Կրեմլի ցուցակի» համատեքստում: Փաստացի, ԱՄՆ-ն այս իրավիճակում օգնության ձեռք է մեկնում Հայաստանի իշխանություններին՝ առաջարկելով նվազեցնել ռուսական պատժամիջոցների հետևանքով սպասվող կորուստները: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը դա անում է՝ ունենալով հստակ ակնկալիքներ: Կարապետյան-Միլս հանդիպմանը զուգահեռ, հայտնի է դարձել մեկ այլ ուշագրավ տեղեկություն այն մասին, որ մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները: Ստացվում է՝ ԱՄՆ-ի ակնկալիքները տրամադրվող օժանդակության դիմաց տարածվելու են ՌԴ սրբության սրբոցը համարվող անվտանգության ոլորտի վրա:
Նորություն չէ, որ ԱՄՆ-ը փոխում է իր ֆինանսական քաղաքականությունը մեր երկրում: Պատճառների թվում կարող ենք նշել այն հանգամանքը, որ մինչ ԱՄՆ-ն գումարներ էր ծախսում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների խթանման, ժողովրդավարական արժեքների տարածման ուղղությամբ, Ռուսաստանն այդ ժամանակահատվածում ուժեղացնում է իր դիրքերը հայկական տնտեսության մեջ և տիրանում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներին` այդ կերպ մեծացնելով իր ազդեցության լծակները: ԱՄՆ-ն, որն աշխարհում իր մեծությամբ երկրորդ դեսպանատունն ունի Հայաստանում, բնականաբար, չի կարող գոհանալ ներկայիս իրավիճակով: Այդ պատճառով՝ միանգամայն կանխատեսելի է, որ այսուհետ ԱՄՆ-ը կփորձի մեծացնել տնտեսական հատվածում իր ներգրավվածությունը, ինչի վկայությունն է նաև Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի իրականացումը: Սակայն, ակնհայտ է նաև այն, որ միայն տնտեսության ոլորտով ԱՄՆ-ը չի սահմանափակվելու:
Այսպիսով, տեսնում ենք, որ տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում՝ ԱՄՆ–Ռուսաստան մրցակցությունը Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու լավ հնարավորություն է ստեղծում, որն անշուշտ, կարող է դրական ազդեցություն գործել և ներդրումների նոր հոսք ապահովել:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *