Ինչ վիճակում են Երևանում տրոլեյբուսի վթարից տուժածները. մանրամասներ

timthumb (6)

Սեպտեմբերի 28-ին թիվ 1 երթուղու տրոլեյբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքը դեռևս կմնան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը:

«Նրանց վիճակը միջին ծանրության է, դեռևս կմնան հիվանդանոցում, սակայն այսօր տեղափոխվելու են հիվանդասենյակ»,- ասաց նա:

Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներն են՝ 67-ամյա Մովսես Նաջարյանը, 60-ամյա Արմենուհի Միրզոյանը և 67-ամյա Աբրահամ Ստեփանյանը: Տուժածներն ունեն ոսկորների կոտրվածքներ և նրանց որոշ ժամանակ ստացիոնար բուժում է անհրաժեշտ։

Վթարի հետևանքով տուժածներից վեցը՝ երկու երիտասարդ և չորս տարեց քաղաքացի, տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Ըստ մեր  ունեցած տեղեկություների՝ երիտասարդներից մեկը երեկ երեկոյան դուրս է գրվել, մյուս երիտասարդը հետազոտություններ անցնելուց հետո, հնարավոր է՝ այսօր դուրս գրվի: Իսկ մյուսները դեռևս կշարունակեն մնալ հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Երևանում տրոլեյբուսը վթարի էր ենթարկվել երեկ՝ սեպտեմբերի 28-ի կեսօրին, Մյասնիկյան պողոտայում: Համար 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե բաժանարարին: Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *