Ինտրիգի հանգուցալուծումը կլինի 2018-ի հոկտեմբերին…

timthumb (4)

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։ Վերջիններս մտքեր են փոխանակել 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և կազմակերպության կանոնադրական մյուս մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Վերջին շրջանում այս Վեհաժողովի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ աճել է: Նախագահի մակարդակով երկու անգամ կարևորվել է Ֆրանկոֆոնիայի համաժողովի անցկացումը Հայաստանում: Հիշեցնենք, դեռ հոկտեմբերի 21-ին խորհրդակցություն է անցկացրել 2018 թվականին կայանալիք կարեւոր միջոցառումների կազմակերպական խնդիրների վերաբերյալ: Այդ միջոցառումները երեքն են՝ Երեւանի 2800-ամյակ, Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակ եւ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի Վեհաժողով: Սարգսյանի կողմից վերջին ուշագրավ դիտարկումը եղավ օրեր առաջ՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում: Նախագահը մասնավորապես շեշտեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Հայաստանում երբևէ անցկացված ամենախոշոր միջոցառումն է արտասահմանյան պատվիրակությունների և, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից, մենք այդպիսի փորձ չունենք: Սարգսյանի հայտարարություններից երևում է, որ նրա համար այս վեհաժողովը ոչ թե տարվա, այլ անկախացումից ի վեր Հայաստանի կյանքում սպասվող ամենակարևոր իրադարձությունն է: Ուշագրավ է այն, որ Վեհաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ նման էնտուզիազմ չի դրսևորում գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովը Հայաստանում կանցկացվի 2018 թվականի հոկտեմբերին, իսկ մինչ այդ քաղաքական շրջանակներում հարաբերական անդորր կհաստատվի, քանի որ լուծում կստանա թիվ մեկ ներքաղաքական հարցը, այն է՝ ով կլինի ՀՀ վարչապետ:
Ակնհայտ է, որ 2018-ի ապրիլից հետո Սարգսյանը հրաժեշտ է տալու նախագահի պաշտոնին, իսկ Վեհաժողովը հյուրընկալելու հեղինակային իրավունքը ստանձնելու է երկրի առաջին դեմքը՝ վարչապետը: Ով է լինելու վարչապետը, դեռեւս պարզ չէ, բայց, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ 2018-ի հոկտեմբերին, նա չի մասնակցի Հայաստանի անկախությունից հետո տեղի ունենալիք ամենախոշոր միջոցառմանը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սարգսյանի նախագահության հիմնական «մեխը» նրա գործողություններում նկատվող որոշակի օրինաչափությունն է, որը հատկապես աչքի է զարնվում միջազգային հնչեղություն ունեցող առանցքային միջոցառումների ժամանակ: Սերժ Սարգսյանը մշտապես ձգտել է իրեն դիրքավորել իբրև միջազգային խաղացող, միջազգային գործոն, և եթե նա Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովը համարում է անկախությունից ի վեր Հայաստանի կյանքում սպասվող կարևորագույն միջոցառում, բնական է, որ այն չի անցնի առանց այդ անկախության սիմվոլներից մեկի. Չէ՞ որ հենց այդպես են ՀՀԿ-ում ներկայացնում Սերժ Սարգսյանին: Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների մեծ մասը աֆրիկյան պետություններ են, միաժամանակ կազմակերպության անդամ են նաեւ Մեծ Յոթնյակի երկու պետություն՝ Ֆրանսիան ու Կանադան, նաեւ անդամ է Շվեյրացիան, ԵՄ անդամներ Ռումինիան, Բուլղարիան, Բելգիան: Այնպես որ, կա պատկառելի ընկերակցություն:
Քիչ հավանական է, որ այս պատկառելի պատվիրակությանը ընդունելու «հեղինակային իրավունքը» կհանձնվի Կարեն Կարապետյանին, ով հիշեցնենք վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր չի այցելել ոչ մի եվրոպական երկիր, սահմանափակվելով՝ ԵԱՏՄ անդամ պետություններ պաշտոնական այցերով: Կարապետյանը քաղաքականապես, նույնիսկ հոգեբանորեն թրծված չէ Սարգսյանի նշած «դարի միջոցառումը» նախագահելու համար: Հետևաբար, որքան էլ խոսվում է ապրիլին ներքաղաքական ինտրիգի հանգուցալուծման մասին, ամենայն հավանականությամբ քաղաքական իրական վերադասավորումները կսկսվեն 2018-ի հոկտեմբերից հետո, քանի որ ակնհայտ է՝ Սարգսյանը չի կորցնի միջազգային նյուզմեյքեր դառնալու պատմական այս շանսը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *