Իսկական տղամարդուն վայել քայլ…

ՀՈՎ

Արթիկում բնական աղետի հետևանքով տուժած քաղաքացիների խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Բանը հասել է նրան, որ նրանցից մի քանիսը ստիպված ասուլիս էին կազմակերպել’ իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու ու գոնե այդկերպ դրանց լուծում գտնելու հույսով:

Ինչպես հայտնի է, օրերս Կառավարության նիստում Լոքյանը, անդրադառնալով աղետյալների թեմային, հայտարարել էր այն մասին, որ Կառավարությունը պատրաստվում է տուժած քաղաքացիներին մինչև մոտ 4 մլն դրամի օգնություն տրամադրել’ բնական աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով, ինչը, սակայն, լրջագույն դժգոհությունների առիթ է տվել տուժածների շրջանում, որոնցից, ինչպես պարզվում է, միայն մեկ հոգու է հաջողվել 4 մլն-ի կարգի օգնություն ստանալ. մնացածները ստիպված են եղել հիմնականում բավարարվել մի քանի հարյուր հազար դրամի հասնող գումարով, գումար, որով ներկայումս հնարավոր չէ լուծել գրեթե ոչ մի խնդիր: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը, թերևս, թաքնված է Կառավարության կողմից վարվող այն անարդար քաղաքականության մեջ, որ տարիներ ի վեր կիրառելի է Հայաստանում. մեզ մոտ մարդկանց փոխհատուցման խնդիրը, իրապես, սուր է արտահայտված ոչ միայն սույն դեպքի, այլև բոլոր մյուս դեպքերի հետ կապված:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ գրեթե ամեն շաբաթ Կառավարության շենքի մոտ’ Հանրապետության հրապարակում, կարելի է ականատես դառնալ, թե ինչպես են բազում քաղաքացիներ բողոքում այն բանից, որ այս կամ այն խնդրի հետ կապված պետության կողմից իրենց հատուցածն անհամաչափ է, չնչին տոկոսն այն ամենի, ինչ ստիպված են եղել կորցնել ասենք այս կամ այն պետական ծրագրի իրականցման պատճառով: Կարճ ասած’ մեզանում արթիկցիները բնավ էլ միակը չեն, որ բախվում են անարդար փոխհատուցման, քաղաքացուն ոչինչ չտվող դրամաշնորհների խնդրին: Դիցուք, մի շարք արթիկցու պարագայում, այդ փոխհատուցումը այնքան չնչին ծավալների է եղել, որ շատերն անգամ հրաժարվել են այդ մի քանի կոպեկ ողորմությունից’ բողոքելով այն ձևական հոգատարության դեմ, որ կառավարությունը իբր ցուցաբերել է իրենց հանդեպ:

Իհարկե, բոլորին մեղադրել անտարբերության մեջ, մենք չենք կարող. լավ բաներ ևս այս ընթացքում արվել են: Դրանցից մեկն, օրինակ, կարելի է համարել վարչապետ Աբրահամյանի’ Արթիկ կատարած այցի շրջանակում վերջինիս կողմից կատարած գովելի քայլը, երբ երկրի երրորդ դեմքը սեփական գրպանից հանել ու փող է տվել աղետից տուժած այն երիտասարդին, որն, ինչպես ասում են, մուրազի վրա է եղել. աղետի օրերին պետք է կայանար նրա ու սիրած աղջկա նշանդրեքը: Ուստի’ այդ ուրախալի արարողության «փոզմիշ» լինելը կանխելու համար Աբրահամյանը ստիպված է եղել սեփական գրպանի հաշվին լավություն անել քաղաքացուն, ինչի մասին գրեցին գրեթե բոլոր ԶԼՄ-ները:

Վստահ ենք, որ եթե Կառավարությունը կարողանար ինչպես հարկն է հոգալ տուժածների կենսական կարիքներն ու համաչափ փոխհատուցում տրամադրեր տուժածներին, այլևս նմանատիպ ինքնազոհողության կարիք չէր զգացվի, ու մարդիկ կկարողանային առանց կողմնակի օգնության հոգալ սեփական կարիքներն, ու «վիզ ծռելու» կարիք այլևս չէր լինի. մուրազի վրա լինողներին էլ’ անսասան երջանկություն:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *