Իսկ դուք ինչի՞ համար եք…

timthumb (5)

Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը, հարցին՝ ինչպե՞ս է ընդդիմությունը պատրաստվում վերցնել իշխանությունը, պատասխանել է. «Հայաստանում ապրող հարյուր հազարավոր մարդկանց առաջին իսկ վճռական պահանջով ու մասնակցությամբ»: Այսինքն, ԵԼՔ-ին մնում է ընդամենը գտնել այդ 100 հազարին: Եվ հենց այստեղ էլ վրա է հասնում դերաբաշխման խնդիրը: Կողմերից որն ինչ պարտավորություններ պիտի ստանձնի:
ԵԼՔ-ը հին անունների նոր դասավորությունից բացի, հանրությանը դեռեւս չի ներկայացել հայեցակարգային նոր մոտեցումով, թե ինչպես կազմակերպել արդյունավետ ընդդիմադիր համակարգ, որը իշխանությանը կստիպի գնալ թեկուզ փոքր զիջումների: Փոխարենը, արդեն իսկ հասցրել է կրկնել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ընդդիմադիր ուժերի գործած մի քանի հին սխալներ, ընկնել հին ծուղակների մեջ: Ընդդիմությունը չի որոշվում գտնվելու վայրից՝ փողոց, դահլիճ, տուն, խոհանոց, թե լուսին: Ընդդիմությունը որոշվում է գործից, ասելիքից, առաջարկից, որ ներկայացվում է հանրությանը: Այժմ ստացվում է՝ ԵԼՔ-ը չունի ասելիք, առաջարկ և սպասում է, թե երբ պետք է ժողովուրդը, այդ հարյուր հազարները օրակարգ առաջ քաշեն՝ իրենք դուրս գան փողոց, դե իսկ ԵԼՔ-ն էլ, ինչպես հարիր է ընդդիմադիր ուժին, իհարկե կմիանա և կառաջնորդի իշխանությունը վերցնելու գործընթացը: Հարց է առաջանում՝ եթե ամեն ինչ ժողովրդի ուսերին է, դուք ինչի՞ համար եք այդ դեպքում: Գուցե մեզ ընդհանրապես ընդդիմություն պետք չէ, հատկապես՝ եթե չի ցանկանում անգամ իր բուն պարտականություններով զբաղվել: Ընդդիմադիր ուժն ինքը պետք է առաջնորդի ժողովրդին, ինքը պետք է զանգվածները ոտքի հանի՝ դա քաղաքագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է: Իսկ եթե հանրությունը նախաձեռնություն չի ցուցաբերում, նշանակում է կա անվստահություն՝ առաջին հերթին առաջնորդների հանդեպ: Ոչ ոք չի ցանկանա կույր գործիք դառնալ նրանց ձեռքում, ովքեր չեն պատկերացնում իրենց անելիքը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *