Իսկ եթե «կամիկաձեների» համբերությունը սպառվի՞…

timthumb (7)

ՀՀ կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան: Պաշտոնական հիմնավորումը հետևյալն է՝ աջակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: Սա պաշտոնականը: Մինչդեռ Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում լրիվ այլ հիմնավորում է բերում, ասելով, թե այսօր Հայաստանում աջ ղեկով ավելի քան 36 հազար մեքենա կա: 2017 թվականին ներկրվել է ընդամենը 13,800-ը: Եթե միտումը շարունակվի՝ ստիպված կլինենք աջակողմյան երթեւեկությունը փոխել ձախակողմյանի, իսկ դա բարդ կլինի ու ծախսատար:
Ինչպես որևում է՝ ինքը՝ Մարտիրոսյանն էլ դեռ հստակ չգիտի, թե այս երկու հիմնավորումներից որ մեկն է իր սրտով, իսկ հանրության համար երկուսն էլ նույն լոլոներն են, պարզապես այս մի լոլոի հետքերով գնալը փորձագետներից շատ ավելի երկար ժամանակ կպահանջի, իսկ մինչ այդ՝ Մարտիրոսյանը օրենքի նախագիծը արագացված կարգով կտանի ԱԺ: Ստացվում է, որ պաշտոնապես Տրանսպորտի նախարարը հույժ մտահոգված է 36 հազար «կամիկաձեների» ճակատագրով և առողջությամբ, իսկ ոչ պաշտոնապես՝ անցավ գլուխը չի ցանկանում ցավի տակ դնել և մի երեք տարի անց ծախսեր անել, երթևեկության կարգ փոխել: Եթե խնդիրը երթևեկության կարգը պահպանելու բուռն ցանկությունն էր, ապա ինչո՞ւ հիմնավորման մեջ հենց այդպես էլ չի գրվել: Կամ այլ հարց՝ ո՞վ է հաշվարկել, թե երթևեկության փոփոխությունը որքան է արժենալու պետության բյուջեի համար, կամ ինչո՞ւ հենց երեք տարի անց պետք է առաջանա փոփոխության պահանջ: Ստացվում է՝ կամ նախարարությունն այն ժամանակ էր մոլորեցնում հանրությանը, կամ՝ հիմա:
Ի դեպ՝ Մարտիրոսյանի լավատեսությունը զարմանք է պատճառում. ի տարբերություն իր կոլեգաների՝ նա վստահ է, որ երեք տարի անց դեռ նախարար է լինելու և այդ «ծանր բեռն» էլ մնալու է իր ուսերին: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիրավորելու համար Մարտիրոսյանն արդեն իսկ պետք է լքած լիներ զբաղեցրած պաշտոնը: Բայց, սա Հայաստանն է, այստեղ կարելի է քաղաքացիներին պիտակավորել, առանց որևէ լուրջ հիմնավորման խլել նրանցից ավելի մատչելի գնով ավտոմեքենա ձեռք բերելու վերջին հնարավորությունը և անպատիժ մնալ: Իսկ եթե «կամիկաձեների»  համբերությունը սպառվի՞…
Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *