Իսկ ծույլիկ ղեկավարները ե՞րբ են հեռացվելու

big_eb219e825f3eb714474078813456dc94

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց այն նորությունը, որ Երևանի պետական համալսարանի 40-ից ավելի երրորդ կուրսի ուսանողներ հեռացվել են կրթական հաստատությունից: Համալսարանի պարզաբանումներից երևում է, որ ուսանողները դուրս են մնացել, որովհետև ունեցել են 21 և ավելի կրեդիտ պարտք և այլևս հնարավոր չի եղել թույլ տալ, որ նրանք շարունակեն ուսումը: Սրան հակադարձում էին ծնողները` պնդելով, թե իրենց երեխաներին համալսարանից հեռացրել են առանց ծանուցման, և անգամ բաց նամակով դիմել էին նախագահին ու վարչապետին` իրավիճակին միջամտելու խնդրանքով: Հիմա էլ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Երևանի Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարանում կայացած ռեկտորատի նիստի արդյունքում որոշվել է 260 ուսանողի հեռացնել համալսարանից՝ ևս մեկ լուծարքի հնարավորություն չունենալու պատճառով։
Իհարկե, շատ տրամաբանական է և նույնիսկ արդարացի, որ ուսանողը, ով չի սովորում, իզուր ԲՈՒՀ-ի նստարան չմաշեցնի և զբաղվի իրեն ավելի հեգեհազարատ գործով, բայց մի՞թե ԲՈՒՀ-րի ռեկտորատները նոր են հասկանում, որ այդ «ծույլիկ» ուսանողները տարիներ շարունակ հենց իրենց կրթական հաստատությունների վարած կրթական ապաշնորհ քաղաքականության արդյունքն ու պրոդուկտն են: Տարիներ շարունակ հայաստանյան ԲՈՒՀ-երը մտահոգված են եղել միայն մեկ հարցում՝ ամեն գնով լցնել սեփական բյուջեն: Դա ակնառու դարձավ հատկապես այս տարի, երբ կրթական հաստատությունները բախվեցին դիմորդների թվի կտրուկ նվազման խնդրին: Շատ համալսարաններ, այդ թվում նույն ԵՊՀ-ն՝ կրկնակի ընդունելության քննություն կազմակերպեցին «էստի համեցեք» խորագրի ներքո, և պատրաստ էին յուրաքանչյուր դիմորդի ընդունել համալսարանի հյուրընկալ պատերից ներս: Տարիներ շարունակ ռեկտորներները ԲՈՒՀ-երում աշխատել են բիզնես մտածողությամբ, դառնալով  բարգավաճման իսկական օազիս: Նրանից ո՞ր մեկն է մտածել իր ԲՈՒՀ-ում կրթության որակի, գիտելիքների մասին: Ոչ մեկը: Եվ հիմա հնձում են իրենց իսկ ցանածը: Ու դեռ իրենք էլ արդարանում են, ասելով՝ վատ ուսանողը տեղ չունի լսարանում: Իսկ վատ ղեկավարությունը տեղ ունի՞…
ԲՈւՀ-ը, որպես կրթության ու գիտության տաճար, մեզանում վերածվել է պարզ քողածածկույթի։ Դրա հետեւանքով բուհական ղեկավարությունն անընդհատ նոր միջոցների կարիք է զգում շինարարական աշխատանքների, հանգստյան տների եւ այլ համալիրների ճոխացման եւ ընդհանրապես «լավ ժամանակ» անցկացնելու նպատակով։ Ստացվում է, որ երիտասարդության կրթությունն ու դաստիարակությունը պարզապես հարմար միջոց է նման գործելադաշտի ձեւավորման համար։ Իսկ ո՞վ է պատասխանատու կրթության որակի համար, ո՞վ է պատասխան տալու, որ այսքան վատ սովորող ուսանող «հանկարծ հայտնվեցին» ԲՈՒՀ-ում: Ու հիմա, նրանցից ազատվելով, ԲՈւՀ-ն իրականում ի՞նչ խնդիր է լուծում: Հետքե՞րն է մաքրում, թե՞ կրճատման հաշվին ավելացած միջոցներն է ուզում հետ գցել…
Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *