Իսկ Սեյրան Օհանյանը պատրա՞ստ է նորից խաղալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. Ալեքսանդր Մարկարով

timthumb (7)

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ իր հարազատ  «ժառանգություն» կուսակցությունը գնալու է խոշորացման, և մեկ ամսից իրենք մեկ կուսակցություն դառնալու առաջարկ են անելու ՕՐՕ դաշինքի գործընկերներին:

 

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով Րաֆիի Հովհաննիսյանի այս հայտարարությանն, ընդգծեց, որ թեև նրա վերադարձն այս օրերին դարձել է թիվ մեկ քաղաքական թեման, բայց դրանով հանդերձ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին չի հաջողվի լուրջ ընդդիմության լուրջ առաջնորդ լինել. «Իմ այս տեսակետն ունի փաստարկված հիմնավորումներ: Եթե հետ հայացք ձգենք նրա անցած քաղաքական ուղուն, ապա ակնհայտ է դառնում մի բան, որ մենք գործ ունենք մի քաղաքական գործչի հետ, ով, թեև ունեցել է Ազգային ժողովում զգալի ներկայացվածություն, չկարողացավ դա պահել և այն փլուզվեց, ընտրությունների ժամանակ հավաքեց ընտրողների զգալի տոկոսի ձայները, բայց այդ ամենով հանդերձ՝ տարիների ընթացքում կորցրեց և փոշիացրեց այդ վստահությունը»:

 

Քաղաքագետը վստահ է, որ «ժառանգություն»-ն ու նրա երբեմնի լիդերը կներքաշվեն քաղաքական նոր գործընթացների մեջ, բայց, թե որքանով նրանց կհաջողվի ընդդիմադիր նոր որակի շարժում ձևավորել, շատ կասկածելի է և ներկայում քաղաքական օրակարգի գլխավոր հարցն է. «Քաղաքական դաշտ նրա մուտքն արդյո՞ք կունենա հաջող ընթացք և պարոն Հովհաննիսյանն իր շուրջ կկարողանա՞ համախմբել հայաստանյան բոլոր ընդդիմադիր ուժերին, սա արդեն հարցի մյուս կողմն է: Ես կարծում եմ, որ դա նրան չի հաջողվի, քանի որ մեր ընդդիմադիր դաշտը որոշ ձևով ֆորմատիվացված է,  շատ անձակենտրոն է,  և ոչ ոք ընդդիմադիր առաջնորդի իր տեղը չի զիջի Րաֆֆի Հովհաննիսյանին»:

 

Այս համատեքստում Ալեքսանդր Մարկարովից հետաքրքվեցինք նաև՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի՞ նորից համագործակցել նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հետ: Քաղաքագետը  կարծիք հայտնեց, որ գուցե այս անգամ Սեյրան Օհանյանը չցանկանա համագործակցել պարոն Հովհաննիսյանի հետ՝ հաշվի առնելով ընտրություններից առաջ նրանց անհաջող համագործակցությունն ու դրա հետ կապված անհաջող հետևանքները. «Իսկ Սեյրան Օհանյանը պատրա՞ստ է նորից խաղալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Փորձը ցույց տվեց, որ նրանց համագործակցությունն այդքան էլ մեծ վստահություն չառաջացրեց, չարդարացան նրանց եռամիասնության հետ կապվող հույսերը, հետևաբար, խիստ կասկածում եմ, որ Սեյրան Օհանյանը նորից կմտնի այս խաղի մեջ»:

 

Խոսելով ընդդիմադիր հատվածի լայն կոնսոլիդացիայի մասին, որի վերաբերյալ օրերս հայտարարություն արեց մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, քաղաքագետը  նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցելու պարագայում ձևավորվող այդ նոր շարժումը խնդիր է ունենալու, քանի որ վրա է հասնելու ընդդիմադիր առաջնորդի ընտրության հարցը. «Հայտարարված Ազգային ճակատը ևս մեկ հայտ է՝ ընդդիմությունը համախմբելու համար, բայց այս պարագայում հարց է առաջանում՝ նրանք երկուսով իրար մեջ կկիսե՞ն ընդիմության առաջնորդի կարգավիճակը»: 

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *