Իսկ քանի՞ գյուղ է դատարկել ՀՀԿ-ն

timthumb (1)

Այսօր հանրապետության 1400 դպրոցում կհնչի վերջին զանգը: 2016-17 ուսումնական տարում հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտի 19.618 աշակերտ: Նշենք, որ 2016 թվականին 12-րդ դասարանն ավարտել է 22.069 աշակերտ, ինչը նշանակում է, որ այս տարի էականորեն նվազել է շրջանավարտների թիվը:

 

«Վերջին զանգը» չի հնչելու Սյունիքի և Լոռվա մարզի մի շարք դպրոցներում: Լծեն, Չափնի, Թանահատ, Շրվենան, Ճակատեն, Տավրոս, Լոռու մարզի Դաշտադեմ գյուղերում արտագաղթն այլևս արտահայտվում է ոչ միայն վիճակագրությամբ, քանակական ծավալով, այլ նաև ողբերգությամբ՝ շրջանավարտներ չկան, իսկ եթե կան՝ մեկը կամ երկուսը: Արտագաղթը և իշխանությունների կողմից սահմանամերձ գոտիների բնակչության հանդեպ ցուցաբերվող խորը անտարբերությունը ի վերջո ստեղծել են այս մռայլ պատկերը: Համենայն դեպս, այդ բնակավայրերի բնակիչները անմռունչ կրել են ու կրում են այն սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային ու նաեւ բարոյահոգեբանական բնույթի դժվարությունները, որ առկա են սահմանամերձ գյուղերում:

 

Նրանց համար իշխանությունը՝ ընտրությունից ընտրություն թանկարժեք մեքենաներով հայտնվող մարդիկ են, ովքեր գեղեցիկ խոստումներ են շռայլում: Նրանց համար իշխանությունը սահմանին կամուֆլյաժով սելֆի անողներն են, որոնց մեծ մասն անգամ նեղություն չի քաշել ծառայել հայկական բանակում, սակայն ամեն անգամ, սահմանային լարվածության պահին վկայակոչում է, օրինակ, հենց նույն տավուշցիների քաջության և հերոսությունների մասին: Մինչդեռ իշխանությունների խնդիրը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակչության քաջությունն ու վստահությունը հանրությանը հայտնելը չէ: Նրանց գործն այդ բնակչության ռազմավարական եւ կենցաղային խնդիրների լուծումն է: Իշխանությունները փայլուն կերպով այդ գործը տապալել ու տապալում են արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ, բավարարվելով ընդամենը քարոզչական բնույթի կոսմետիկ քայլերով, որոնք մեծ հաշվով էապես չեն փոխում կյանքը սահմանամերձ բնակավայրերում, այդ բնակավայրերի բնակչության կենսական մոտիվացիաները, մթնոլորտը եւ այլն:

 

Հայաստանի, այսպես ասած, քաղաքական դեմքերն ավելի լավ կանեն՝ խոսեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում իրենց կառավարման տարիների արդյունքի մասին: Այդ տարիների ընթացքում որքա՞ն մարդ է հեռացել Հայաստանի սահմանապահ բնակավայրերից ոչ թե կրակոցների, այլ իշխանության անտարբեր, անարդյունավետ եւ անարդար քաղաքականության հետեւանքով, որը շարունակվում է արդեն մեկուկես տասնամյակից ավելի: Եվ գիտակցո՞ւմ են արդյոք իշխանությունները, որ մի շարք գյուղերում «Վերջին զանգը» չհնչելը խորհրդանշում է հենց այդ գյուղերի «Վերջին զանգը»: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ գյուղերի մեծ մասը սահմանամերձ համայնքներ են, ապա երկրի անվտանգության սպառնալիքը ոչ թե վերացական, այլ միանգամայն իրական է դառնում: Ինչքան էլ ուժեղ լինի բանակն ու պաշտպանված՝ սահմանը, այն դառնում է խոցելի, երբ թիկունքում չունի ապրող գյուղ, երդիկից բարձրացող ծուխ, աշխատող դպրոց: Ցանկության դեպքում հնարավոր կլիներ մի քանի տարում անճանաչելիորեն փոխել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի կյանքը, սեփական կուսակցություն-իշխանության տարիների անգործության հետեւանքով այդ կյանքի գորշությունը լարվածության ամեն փուլի պարագայում հերոսական կենացներով ծածկելու փորձերի փոխարեն:

 

Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *