Իրանի տված 2 մլն դոլարով կառուցված գազատարը Կառավարությունը նվիրեց «Գազպրոմ Արմենիա»-ին

timthumb (3)

Կառավարությունն Իրանի հատկացրած 2 մլն ԱՄն դոլարով կառուցված գազատարը նվիրում է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն՝ անհատույց օգտագործման իրավունքով:

Որոշման նախագիծն ընդգրկված էր Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ հարցը չզեկուցվողներից էր:

Գործադիր ներկայացված որոշման նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կառավարությունը որոշել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն  ամրացված 1 279 169 136 (մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասունինը միլիոն հարյուր վաթսունինը հազար հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ արժեքով գույքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարության միջև 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին Փոխըմբռնման հուշագիր:

ԻԻՀ կառավարությունը համաձայնել է Հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար՝ որպես դրամաշնորհ, Հայաստանի Հանրապետությունում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:

Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել Հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *