Իրանն Արցախի հարցում զսպաշապիկ է հագցնում Ռուսաստանին. Լևոն Շիրինյան

timthumb (19)

ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը.

-Պարո՛ն Շիրինյան, օրերս Հայաստանը նախագահի մակարդակով մասնակցեց Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Հայկական կողմի այս քայլն ինչպե՞ս եք գնահատում:

Նախագահի այցը Թեհրան՝ շատ տեղին և ժամանակին էր: Կարծեմ՝ միայն երեք երկրներ էին նախագահի մակարդակով մասնակցել, որոնցից մեկը Հայաստանն էր: Ես այս քայլը շատ ճիշտ եմ համարում:

-ՀՀ նախագահի հետ զրույցում Հասան Ռոհանին ընդգծել է, որ Արցախի հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, և որ իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունը: Արդյո՞ք Իրանի նախագահի այս դիտարկումը մեսիջ էր՝ ուղղված Ալիևին:

-Ալիևն ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի, դա իր խնդիրն է, իսկ  մեզ համար կարևորն այն է, որ Իրանի նախագահը կրկին խոսել է տարածաշրջանի անվտանգության մասին, և կարծում եմ, Իրանը ի նկատի է ունեցել Հայաստան և Արցախ աշխարհներն՝ իրենց զբաղեցրած տարածքներով: Իրանը հետևողականորեն Հայաստանի հետ պահպանում է իր հարաբերություններն անվտանգության հարցերում, և սա շատ կարևոր է Արցախի հարցում Ռուսաստանի ակտիվության համատեքստում. այստեղ պետք է հիշենք իրանական կողմի հայտարարությունը, որ Արցախի հարցում երրորդ ուժ չպետք է խառնվի:

-Արդյո՞ք Ռոհանիի այս հայտարարութունը ռուսական կողմի համար զսպող մեխանիզմ կարող է դառնալ՝ հաշվի առնելով Ադրբեջանին զենքի վաճառքը:

-Այո՛, սա ռուսական կողմի համար զսպաշապիկ է. Իրանը զսպաշապիկ է հագցնում Ռուսաստանին՝ Արցախի հարցում: Ռուսաստանը հիմա խայտառակ վիճակում է հայտնվել, քանի որ մյուս կողմից էլ նրան օրենքով զսպաշապիկ հագցրեց ԱՄՆ-ն՝ հերթական պատժամիջոցների փաթեթով, և, եթե Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրում է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, ապա նախևառաջ պարտավոր է ինքը նման ստանդարտներ չկիրառել և իր ռազմավարական գործընկերոջ թշնամուն չզինել: Հայաստանը, միևնույնն է, Ռուսաստանի համար եղել և շարունակելու է մնալ անփոխարինելի ռազմավարական գործընկեր, ուստի՝ Ռուսաստանը պետք է մեր շահը հաշվի առնի և առաջինը Նախիջևանի հարցով իր կատարած սխալը սրբագրի:

Երկու երկրների ղեկավարները կարևորել են նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը: Որքանո՞վ է ռեալ նման խոշորամասշտաբ նախագծի իրականացումը:

-Նման նախագծի իրականացումը ռեալ կլինի միայն մի պարագայում՝ եթե Հայաստանի իշխանությունները հետևողականորեն ռեալիզացնեն Հայաստանի պետական շահը, ոչ թե խորանան կորպորոտիվ շահերի մեջ: Եթե նման քաղաքականություն այս տարիների ընթացքում լիներ, ապա այս և նման այլ խոշորամասշտաբ ծրագրեր՝ արդեն իրականություն դարձած կլինեին:

Իսկ մյուս խոշոր նախագծի՝ տրանսպորտային հաղորդակցության համար պետք է ոչ թե նոր երկաթգիծ կառուցել՝ Զանգեզուրի լեռները քանդելով և փող հայթայթելով, այլ՝ Նախիջևանով անցնող երկաթուղին շահագործել: Նախիջևանը Առաջին հանրապետության տարիներին ռուսական կողմից բռնազավթվել  է, բայց Նախիջևանը մերն է, ուստի Հայաստանն ու իրանական կողմը պետք է անեն ամեն հնարավորը, որ Նախիջևանի երկաթգիծը բացվի:

-ԵՏՄ-ն շատ ակտիվ է Իրանի հետ հարաբերություններում: Տեսնո՞ւմ եք մոտ կամ հեռու ապագայում Իրանին՝ ԵՏՄ-ում:

-Չեմ կարծում, որ Իրանը  ցանկություն ունի ԵՏՄ անդամ դառնալու, ավելին՝ Իրանը հիմար չէ, որ ԵՏՄ անդամ դառնա: ԵՏՄ-ի պարագայում մեզ համար կարևոր է Ադրբեջանի և Թուրքիայի՝ այդ կառույցի անդամ դառնալու ցանկությունը: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են դառնալ ԵՏՄ անդամ, ապա Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքն ու մեզ վերադարձնել Նախիջևանը, իսկ Թուրքիան էլ պարտավոր է ընդունել կատարած ցեղասպանությունը: Հակառակ պարագայում՝ Հայաստանն իր ձեռքում ունի բացառիկ և անփոխարինելի զենք և կարող է վետո դնել այդ պետությունների անդամակցման հարցում: Հայաստանը վետոյի  իր իրավունքը պետք է կիրառի 100 տոկոսով, եթե Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանան մտնել ԵՏՄ՝ առանց հաշվի առնելու հայկական պետականության  շահը:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *