Լավրովը մեզ ժամանակ տվեց. խնդիրը բարդ է

timthumb (12)

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ Հայաստանում հայտարարեց, որ ռուսական կողմը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իր  գործընկերների հետ կփորձի ակտիվ ջանքեր գործադրել Արցախի խնդրի կարգավորմանը հասնելու համար, սակայն չափազանց լավատես չի կարող լինել, քանի որ այս  հակամարտությունն արագ չի լուծվի և խնդիրը բարդ է:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանն, անդրադառնալով Լավրովի այս դիտարկմանը, նշեց. «Սերգեյ Լավրովը Հայաստանում հայտարարեց, որ Արցախի հարցն արագ տեմպերով լուծել հնարավոր չէ և ես նրա այս հայտարարության  մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Ես գտնում եմ, որ այդ դիրքորոշումը մեզ համար շատ շահեկան է, քանի որ Արցախն անկախ և ազատ է, և որքան երկար ձգվի ու պահպանվի ստատուս- քվոն, այնքան  ճնշումներ չեն լինի ո՛չ Արցախի, ո՛չ էլ ՀՀ նախագահի վրա»: 

Ըստ Բադասյանի՝ Լավրովի հայտարարությունը մեսիջ էր՝ ուղղված Արցախի և ՀՀ-ի իշխանություններին և ժողովրդին՝ կազմակերպվելու և առավել հզորանալու. «Լավրովն այդ մասին ակնարկեց: Մեզ տրվում է ժամանակ՝ առավել հզորանալու, զարգանալու և անցնցում  իշխանափոխություն անելու: Լավրովը մեզ ժամանակ տվեց»,-նշեց նա:

Անդրադառնալով այս պահին բանակցությունների սեղանին դրված միակ փաստաթղթին՝ մեր զրուցակիցը նշեց.  «Հարցը նրանում է, որ սեղանին դրված միակ Մադրիդյան փաստաթուղթը երբեք չի կիրառվի, մենք թույլ չենք տա, որ այդ  փաստաթղթում ներառված պահանջներն իրականանան: Մյուս կողմից, մեր մեջ կա մեծ անվստահություն Ադրբեջանի նկատմամբ և ոչ մի համանախագահ երկիր թող չերազի Մադրիդյան սկզբունքների  մասին, քանի դեռ Ադրբեջանը հայերիս մոտ ձեռք չի բերի վստահություն»,-ընդգծելով, որ նման վստահություն թուրք ազգը երբեք չի կարող երազել, քանի որ պատմականորեն դարեր շարունակ ապացուցել է, որ հնարավոր չէ իր տեսակին վստահել:

«Դա միակ ժողովուրդն է աշխարհում, որին վստահել չի կարելի, նրանք մշտապես թալանել և սպանել են, միայն հայն է մնացել իրենց կոկորդում: Լավրովն Ադրբեջանին մշտապես պայմանավորվածությունները խախտելու մեջ մեղադրելով, նաև ակնարկեց, որ այո՛, վստահել չի կարելի, չէ՞ որ ռուս ազգն էլ մշտապես փորձել է թուրքերի հետ իր հարաբերությունները կարգավորել և խնդիրների դեպքում միշտ հարցերը կարգավորել է հայկական հողերի հաշվին»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ Ադրբեջանին իր տեղը դնելու համար ՀՀ-ի և Արցախ քաղաքապան այրերը պետք է սեղանին դնեն վերջին 25 տարվա փաստերը, ինչը, սակայն, չի արվում:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *