Լավրովն ասաց, որ Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել, ՀՀ արտգործնախարարը չառարկեց. այն հիմա՞ էլ է մնում բանակցությունների սեղանին

կազան

Ինչպես հայտնի է, Վիեննայում նախագահների մայիսի 16-ի հանդիպումից մինչև հունիսի 20-ի սանկտպետերբուրգյան բանակցությունները, այսինքն’ ավելի քան մեկամսյա ժամանակահատվածում, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու համար մինչ Վիեննայի գագաթնաժողովը և դրա ժամանակ ՀՀ նախագահի առաջ քաշած նախապայմաններից որևէ մեկն իրականություն չէր դարձել:

Մասնավորապես’ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները ստեղծված չէին, այսինքն’ տեղադրված չէին մոնիտորինգի համար հսկիչ սարքեր, որոնք թույլ կտան արձանագրել և ապացուցել, թե հրադադարի ռեժիմն իրականում որ կողմն է խախտել, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմն ավելացված չէր, միջազգային դիտորդների իրավասություններն ընդլայնված չէին և այլն: Սակայն, չնայած վերը նշվածին, ՀՀ նախագահը Ալիևի հետ բանակցելու համար գնաց Սանկտ Պետերբուրգ: Մնում է ենթադրել, որ դա կամ շատ անհրաժեշտ է համարվել, կամ այլընտրանք չի եղել…

Նախագահների համատեղ հայտարարությունը և Ուորլիքը բացահայտել են, որ քննարկվել են նաև այլ հարցեր

Ինչպես ավելի վաղ հայտարարվում էր ՀՀ իշխանությունների կողմից, Սանկտ Պետերբուրգում պետք է քննարկվեին Վիեննայի գագաթաժողովի պայմանավորվածությունների իրականացման, այսինքն’ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցերը: Թե այս հարցերից բացի, ուրիշ էլ ի՞նչ հարցեր են քննարկվել սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում, թե՛ ՀՀ արտգործնախարարը, թե՛, ընդհանրապես, իշխանությունները գրեթե ոչինչ չեն ասում: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հետո «Ամերիկայի ձայնին» հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները բանակցում են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կարևորագույն հարցերի շուրջ:
«Պետք է ասել, որ նախագահները աշխատում են շատ լուրջ աշխատանքային առաջարկների շուրջ: Իհարկե, այդ աշխատանքային առաջարկների վերաբերյալ կա՛ն տարաձայնություններ: Ոչ ոք լիարժեք համաձայնություն չէր էլ ակնկալում, բայց երկու կողմերը, իսկ ավելի որոշակի՝ երկու նախագահները համաձայնել են շարունակել աշխատանքները այդ առաջարկների շուրջ»,- ասել է Ջեյմս Ուորլիքը: Ընդգծենք, որ խոսքն այս դեպքում վերաբերվում է ոչ թե բանակցությունները շարունակելու համար վստահության ու կայունության ստեղծմանն ուղղված որոշակի միջոցառումներին՝ ԵԱՀԿ առաքելության ընդլայնմանը, ԵԱՀԿ կողմից հետաքննությունների մեխանիզմների ներդրմանը, այլ հենց ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կարևորագույն հարցերին: Եվ, ուրեմն, որո՞նք են եղել արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման այն առանցքային հարցերը, որոնց շուրջ, ըստ պաշտոնական հայտարարության, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում նրանց միջև կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում: Կարելի՞ է ասել, որ դրանք եղել են Կազանի փաստաթղթում առկա առաջարկները կամ դրանցից էապես չտարբերվող ինչ-որ առաջարկներ:

Ստացվում է, որ ազգովի պետք է շնորհակալ լինենք Իլհամ Ալիևին…

«2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է,- դեռ ս. թ. ապրիլի 7-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:- Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել, չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»: Ստացվում է, որ ազգովի պետք է շնորհակալ լինենք Իլհամ Ալիևին, որովհետև եթե նա տասը նոր առաջարկ ներկայացրած ու փաստացի խափանած չլիներ տվյալ փաստաթղթում առկա կարգավորման սկզբունքների համաձայնեցումը, Հայաստանը հիմա արդեն ստորագրած կլիներ Կազանի փաստաթուղթը:
Ավելի վաղ’ 2014թ. օգոստոսին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ասել է, որ բանակցությունների սեղանին մնում է 2011թ. Կազանի փաստաթուղթը, որը մշակվել էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Եթե Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է, իսկ այն բանակցությունների սեղանից վերցնելու մասին, որքան տեղյակ ենք, ՀՀ նախագահը կամ արտգործնախարարը դեռ չեն հայտարարել, ավելին’ 2016թ. ապրիլի 22-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, հենց Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ հայտարարեց, որ «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել» (https://www.youtube.com/watch?v=dNz5tsikPVc ), ապա թերևս միակ հետևությունն այն է, որ Սանկտ Պետերբուրգում նախագահները բանակցել են հենց Կազանի փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների (նախագահների համատեղ հայտարարությունում առկա ձևակերպմամբ’ «կարգավորման առանցքային հարցերի», Ուորլիքի ասած’ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կարևորագույն հարցերի), կամ Կազանի փաստաթղթում առկա առաջարկների նման այլ առաջարկների շուրջ:
Թե կազանի փաստաթուղթն իրենից ինչ է ներկայացնում, վերջերս գաղտնազերծելով, հրապարակեց (http://www.aniarc.am/2016/06/23/kazan-document-23-june/ ) Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը: Ընդգծեմ, որ տվյալ հրապարակումը կամ Կազանի փաստաթղթի տվյալ շարադրանքն առ այսօր հերքված չէ:

Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց ազատագրված բոլոր տարածքների հանձնում Ադրբեջանին, բացառությամբ Լաչինի շրջանի մի մասի

Կազանում 2011-ի հունիսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ բանակցությունների սեղանին եղած փաստաթղթի (աշխատանքային տարբերակ) համաձայն, Լեռնային Ղարաբաղին տրվում է միջանկյալ կարգավիճակ: Հանրաքվեով իրավական վերջնական կարգավիճակ որոշումը թողնված է անորոշ ապագային, քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը պետք է համաձայնեցնեն ապագա բանակցություններում, այսինքն’ դա կարող է լինել, ասենք, 100 կամ 500 տարի հետո: Նույն’ Կազանի փաստաթղթում (աշխատանքային տարբերակ), մեր նահատակ զինվորների ու սպաների կյանքի և արյան գնով ազատագրված, ԼՂՀ անվտանգության և գոյության երաշխիք հանդիսացող Հայաստանի պատմական տարածքների վերաբերյալ գրված է հետևյալը.
«Տարածքներ
Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով:
Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:
Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը:
Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից:
Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո»:

Կազանի փաստաթուղթը’ Արցախի և Հայաստանի անվտանգությանն ու գոյությանը սպառնացող դանդաղ գործողության ական

Առաջին իսկ հայացքից էլ պարզ է, որ Կազանի փաստաթղթում առկա մի շարք առաջարկներ, մասնավորապես’ ազատագրված տարածքներին և Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակին վերաբերող «կարգավորման» սկզբունքները մեզ համար բացարձակապես անընդունելի են, քանի որ հայկական կողմի համար դանդաղ գործողության ականի նշանակություն ունեցող այդ առաջարկների ընդունման պարագայում մենք ոչ հեռավոր ապագայում կորցնելու ենք Արցախը, իսկ դրանից հետո հարցականի տակ է դրվելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու գոյությունը:
Թերևս ավելորդ է ասել, որ այդ առաջարկներին կամ սկզբունքին համաձայնություն տալը, ըստ էության, նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիա և պետական դավաճանություն, որի հեղինակը կամ հեղինակները ներում չեն ունենալու: Ազատագրված տարածքների հանձնման դեպքում սպասվող վտանգի և դավաճանություն թույլ չտալու մասին ժամանակին ու միանգամայն ճիշտ զգուշացում է կատարել «զինված հանցավոր խմբի» գործով կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը’ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղղած մայիսի 20-ի իր նամակում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման, նամակում Վահան Շիրխանյանն անդրադառնալով այն լուրերին, որոնց համաձայն, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատրաստ է ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին, զգուշացրել է դրանից բխող հետևանքների մասին.
«1. Զինուժի դուրս բերմանը և հողերի հանձնմանը հետևելու է Արցախի հայաթափումը և դրա «խաղաղ» հանձնումը թշնամուն: Ոչ մի միջազգային երաշխիք ի վիճակի չի լինի դա կանխել:
2. Հայաստանի սահմանակից հողերի հանձնումը թշնամուն անկայունացնելու է Զանգեզուրը, Սևանի ավազանը՝ բազմապատկելով արտագաղթը Հայաստանից:
3. Հայությունը և Հայաստանը կորցնելու է ոչ միայն արժանապատվությունը, այլև զարգացման հեռանկարները:
4. Հայաստանում հաստատվելու է Թուրքիայի ֆինանսական, տնտեսական, քաղաքական իշխանությունը, չէ՞ որ Հայաստանը լիովին կապված կլինի սահմանի բացման համար Թուրքիայի առաջ քաշած բոլոր նախապայմաններից:
5. Հայոց պատմության մեջ գրանցվելու է մեծագույն դավաճանություն»:

Հրապարակային հարցում’ ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին

Այո, Կազանի փաստաթուղթը սկզբունքորեն անընդունելի է նաև անվտանգության խիստ անբավարար երաշխիքների և այլ առումներով: Դրանցից մեկն էլ այն է, որ Կազանի փաստաթղթում, ինչպես և Մադրիդյան կամ Մադրիդյան լրամշակված փաստաթղթում «տարածքային ամբողջականության սկզբունք» ասվածն արտահայտված է միմիայն Ադրբեջանի մասով, նրա շահերի տեսանկյունից, բայց բնավ ոչ’ ԼՂՀ և Հայաստանի մասով ու մեր շահերի տեսանկյունից: Ահավասիկ. Կազանի փաստաթղթում նշված է Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի շրջանները, ինչպես նաև Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանների ոչ միջանցքային հատվածներն Ադրբեջանին վերադարձնելու մասին, բայց բառ անգամ չկա Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների տարածքների մի մասը ԼՂՀ-ին, ինչպես նաև 1992թ. օգոստոսի 8-ից օկուպացված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղը Հայաստանին վերադարձնելու մասին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ս. թ. հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում անդադառնալով ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական կողմի 800 հեկտար տարածքի կորստի խնդրին, ասել է. «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի շրջանների շատ ավելի մեծ տարածքներ: Վաղ թե ուշ, դրանք վերադարձվելու են ԼՂՀ-ին» (Շահումյանի շրջանի և Արծվաշենի մասին մոռացել է նշել): Ի՞նչ է նշանակում վաղ թե ուշ, օրինակ, 100 տարին էլ կարելի է համարել վաղ թե ուշ… Ինչո՞ւ ի տարբերություն Ադրբեջանին հայկական ուժերի ազատագրած տարածքների հանձնման դրույթի, Կազանի փաստաթղթում բառ անգամ չկա Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու տարածքների մի մասը ԼՂՀ-ին, Արծվաշենն էլ Հայաստանին վերադարձնելու մասին: Սա հրապարակային հարցում է’ ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Երկրորդ հարցն էլ այն է, թե Կազանի փաստաթղթում առկա առաջարկները կամ դրանցից էապես չտարբերվող ինչ-որ առաջարկներ եղե՞լ են Սանկտ Պետերբուրգի բանակցությունների սեղանին:
Հարց երրորդ. Կազանի փաստաթուղթը (աշխատանքային տարբերակ) այս պահին շարունակո՞ւմ է մնալ ԼՂՀ հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցությունների սեղանին, այսինքն’ նշված փաստաթղթին Ադրբեջանի համաձայնության դեպքում Հայաստանը պատրա՞ստ է ստորագրել Կազանի փաստաթուղթն այն տեսքով, ձևակերպումներով, ինչպիսին այն գոյություն ունի:
Հարց հինգերորդ. Կազանի փաստաթղթում (աշխատանքային տարբերակ) ինչո՞ւ չի նշված, որ նախատեսվող խաղաղության համաձայնագիրը կարող է ուժի մտնել միայն ԼՂՀ ընտրական իրավունք ունեցող բնակչության’ հանրաքվեով արտահայտված համաձայնության, ազատ կամարտահայտության պարագայում:
Հասկանալի է, որ ազատագրված տարածքների հանձնման հարց քննարկելը դեռ չի նշանակում դրանք հանձնելու վերաբերյալ պայմանավորվել, պարտավորվել կամ իրավական առումով համաձայնություն տալ (դա արտահայտվում է միայն համապատասխան փաստաթղթի ստորագրմամբ): Առավել ևս’ դեռ չի նշանակում հիշյալ տարածքների հանձնում, քանի որ դա միայն Արցախի բնակչության որոշելիքն է հանրաքվեով: Սակայն, ՀՀ արտաքին գործերի նախարարը, բոլոր դեպքերում, պարտավոր է պատասխանել վերոնշյալ հարցերին, և վստահ ենք, որ կպատասխանի, եթե ինքն ու ՀՀ քաղաքական բարձրագույն ղեկավարությունը ժողովրդից թաքցնելու բան չունեն:

Արթուր Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *