«Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ն միացել է «Միասնություն» համազգային շարժմանը

«Երիտասարդ եզդիներ» հասարակական կազմակերպության անդամները, «Միասնություն» համազգային շարժման ղեկավար կազմի հետ երկարատև քննարկումների արդյունքում՝ որոշում են կայացրել միանալ «Միասնություն» համազգային շարժմանը:

«Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ն հիմնադրման օրվանից իր առջև նպատակ է դրել բարձրացնել եզդիներին, մասնավորապես՝ Հայաստանի եզդիներին հուզող խնդիրները ու աշխատել լուծում տալ դրանց, պաշտպանել եզդիների իրավունքներն ու շահերը տարբեր պետական ատյաններում, իրականացնել գործունեություն, որն ուղղված կլինի առաջին հերթին՝ Հայաստանի ու նրա ողջ բնակչության բարեկեցությանն ու անվտանգությանը:

Կայացված որոշման շուրջ՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանի հետ.

-Պարոն Ավդալյան, դուք որոշել եք մտնել հայաստանյան ակտիվ քաղաքականության դաշտ, այդ է պատճառը, որ վճռել եք միանալ «Միասնություն» համազգային շարժմանը: Ո՞րն է այն նպատակը, որ դրել եք՝ այս շարժմանը միանալու Ձեր որոշման հիմքում:

-Իրավացի եք: «Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ն որոշում է կայացրել մտնել ակտիվ քաղաքականության դաշտ: Ի սկզբանե, «Միասնություն» համազգային շարժումը իր առջև նպատակ է դրել՝ փոխելու երկրում ստեղծված իրավիճակը և դա անել տարբեր միջոցներով, առաջին հերթին՝ սերնդափոխության միջոցով: Նշեմ, որ «Միասնություն» համազգային շարժմանը միանալու՝ բավականին բարձր չափանիշներ են դրված, և միայն այդ չափանիշներին ու գաղափարներին համապատասխանող անհատներն ու կառույցները կարող են միանալ: Վերջին ժամանակներում պարբերաբար տեղի են ունեցել հանդիպումներ՝ «Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ի և «Միասնություն» համազգային շարժման ղեկավար կազմի միջև, և այդ հանդիպումների ու քննարկումների արդյունքում գաղափարական համաձայնության գալով՝ «Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ն որոշում կայացրեց միանալու «Միասնություն» համազգային շարժմանը՝ հավատալով վերջինիս հաղթանակին՝ անխտիր՝ բոլոր հարթակներում:

-Իչպե՞ս կորակեք այս շարժումը, արդյոք նման շարժման կարևորություն տեսնո՞ւմ եք Հայաստանում:

-Արման Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Միասնություն» համազգային շարժումը իր կազմի մեջ ընդգրկում է տարբեր անհատների, ովքեր իրենց ոլորտներում իրոք անհատներ են, պրոֆեսիոնալներ, ես կասեի՝ առաջնորդներ, ովքեր պատրաստ են իրականացնել գործունեություն՝ հանուն Հայաստան երկրի ու նրա բնակչության բարեկեցության: Ինձ համար «Միասնություն»-ը վերկուսակցական շարժում է՝ վեր դասական կուսակցության չափանիշներից: Այն առաջին հերթին համազգային համաժողովրդական շարժում է, իսկ դրա վկայությունը շարժման կազմի՝ օր-օրի ավելացող թվաքանակն է:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա անելիքները՝ շարժման շրջանակներում:

-Ազգային փոքրամասնությունները կազմում են Հայաստանի բնակչության 2 տոկոսը, սակայն այդ 2 տոկոսը նույնպես ՀՀ-ի լիիրավ քաղաքացիներ են և շատ մեծ գործ են արել Հայաստանի պետականության կայացման համար: Հետևաբար, մեր նպատակն այն է, որ «Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ն բարձրացնելու է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարբեր երկրներում հանգրվանած եզդիական համայնքի ներկայացուցիչների ձայնը, հուզող խնդիրները ու լուծում է տալու դրանց: Ինչպես նաև, բարձրացնելու ենք Հայաստանում ապրող մյուս բոլոր ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները ու լուծում տալ դրանց նույնպես: Սերնդափոխություն՝ անհրաժեշտ է նաև ազգային փոքրամասնություններին: Այս նպատակների իրագործումը մենք տեսնում ենք «Միասնություն» համազգային շարժման շրջանակներում:

-Որո՞նք են այսօր եզդիների խնդիրները՝ Հայաստանում:

-Եզդիական համայնքը, առաջին հերթին, ունի այն նույն խնդիրները, ինչ-որ ունեն Հայաստանում ապրող մյուս բոլոր ազգերը՝ հայերը, հույները, ասորիները և այլն: Այսինքն՝ Հայաստանում առկա տնտեսական ու սոցիալական ծանր իրավիճակը, միգրացիան, Ադրբեջանի կողմից արցախյան սահմանները գնդակոծելը և մյուս բոլոր կարևոր խնդիրները իրենց անմիջական ազդեցությունն են ունենում նաև եզդիների վրա: Բացի վերը նշված ընդհանուր խնդիրներից, եզդիները՝ որպես ազգային փոքրամասնություն, ունեն լեզվի և մշակույթի պահպանման խնդիր: Այսօր եզդիներին քրդացնելու լուրջ քաղաքականություն է տարվում տարբեր շահագրգիռ ուժերի կողմից: Մյուս կողմից էլ՝ աղանդավորությունը մուտք է գործում եզդիական համայնք՝ փորձելով եզդիներին հեռացնել իրենց կրոնական արմատներից: Այսինքն՝ անհրաժեշտ է իրականացնել լուրջ քաղաքականություն ու լուրջ ծրագրեր այս խնդիրների լուծման համար, հակառակ դեպքում՝ հետևանքներն անդառնալի կլինեն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *