«Լոռի» և «Էրեբունի» Ֆուտբոլային ակումբների մարզիչները՝ խաղը «ծախված» լինելու մասին

timthumb (1)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, նրա դիմումի փաստով հարուցվել է քրգործ: Բանն այն է, որ, ինչպես հաղորդել է ՀՖՖ նախագահը, ՈՒԵՖԱ-ն մանրամասն վերլուծության է ենթարկել 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր-ՖԱ Էրեբունի խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ է առաջացել, որ խաղը պայմանավորված է եղել։ Նշենք, որ խաղն ավարտվել է 5:0 հաշվով՝ ի օգուտ Լոռիի։

Ըստ ՀՖՖ նախագահի հաղորդման՝ ՈՒԵՖԱ-ի կողմից կազմված զեկույցի համաձայն՝ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ:

2018-ի հունվարի 8-ին հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Մենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու նպատակով կապ հաստատեցինք սկանդալի կիզակետում հայտնված ֆուտբոլային թիմերի ներկայացուցիչների հետ, ովքեր միաբերան հերքեցին խաղի պայմանավորված լինելու տեղեկությունը։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ասաց, որ իր համար զարմանալի են նման խոսակցությունները և իր թիմը գումարի դիմաց երբեք խաղ չէր զիջի․ «Քննչական կոմիտեն թող զբաղվի այս հարցով, մենք էլ հասկանանք՝ իրականում մեղավորներ կա՞ն, թե ոչ, իսկ եթե կան՝ պետք է պատժվեն: Թեև մեր թիմը նոր կազմավորված և երիտասարդ է, սակայն մենք յուրաքանչյուր խաղի դուրս ենք գալիս հաղթանակի համար և երբեք չի եղել և չի կարող լինել, որ գումարի դիմաց պարտություն գրանցենք։ Մենք երբեք ոչ մի գումարի դիմաց խաղը չենք զիջի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց թիմի նպատակը հաղթանակի հասնելն է. այլ կերպ հնարավոր չէ աշխատել:

Մեզ հետ զրույցում «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը, տեղեկությունն առաջինը մեզանից լսելով, անակնկալի եկավ՝ նշելով, որ այն ծիծաղ է առաջացնում․ «Մեր տղաները խաղացել և հաղթել են։ Մենք չգիտենք՝ հակառակորդի կողմից ինչ-որ բան եղե՞լ է, թե՝ ոչ, միայն գիտենք, որ մեր թիմը շատ լավ է խաղացել ու ազնիվ ձևով է հաղթել»,- նշեց Ադամյանը։

Իսկ թե ինչի հետ են կապված նման խոսակցությունները, մարզիչները դժվարացան ասել։ «Լոռի»-ի մարզչի կարծիքով՝ յուրքանչյուր խաղի վերաբերյալ էլ կարող են այդպիսի տեսակետներ հնչել։ Նա չբացառեց, որ գուցե բուքմեյքերական ընկերությունների կողմից են խարդախ խաղադրույքներ կատարվել, բայց իրենք նման բաներով չեն զբաղվում։ 

Հիշեցնենք, որ 2015-ին ևս պայմանավորված ֆուտբոլային խաղերի վերաբերյալ սկանդալ էր առաջացել՝ այդ անգամ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի շուրջ։ Ի դեպ՝ այդ ժամանակ ակումբի մի քանի ներկայացուցիչներ ձերբակալվեցին:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *