Լոքյանը հպարտանալու առիթ չունի՞

timthumb (6)

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց նախարարության վերջին 9 ամիսների աշխատանքը: Նա նշեց, որ վերջին մեկ տարվա աշխատանքը բաժանել են մի քանի ուղղություններով. «Մենք համայնքների համար պատրաստեցինք ձեռնարկներ, որոնք հստակեցնում էին տարբեր ուղղություններով, թե ինչպես պետք է աշխատեն համայնքները»,-ասաց նա:

Այսինքն, կարելի է ենթադրել, որ Լոքյանի ղեկավարած նախարարությունը 9 ամիս զբաղվել է մի գործով, որը հանգիստ և նույնիսկ նվազ ֆինանսական ծախսերով կարող էր գլուխ բերել հասարակ վարչությունը: Բայց, արի ու տես, որ մարզպետների, համայնքապետների կրթման և լուսավորման սուրբ գործին լծվել էր անձամբ Լոքյանը, ով տրամաբանորեն՝ շատ ավելի լուրջ խնդիրներով պետք է ծանրաբեռնված լիներ: Օրինակ՝ լուծեր համայնքների խոշորացման արդյունքում ծագած խնդիրները, որոնք այս 9 ամիսների արդյունքում աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Լոքյանը չունի այդ խնդիրների լուծման բանալիները, հետևաբար, խոսքը կտուրն է գցում և խոսում միայն նախարարության ձեռքբերումների մասին: Համայնքների խոշորացմանը դեմ էին գրեթե բոլորը` համայնքապետերից սկսած՝ մինչև վերջին բնակիչը: Բոլորն էլ շատ լավ գիտակում էին, թե այդ խոշորացումն ինչ նպատակով է արվում ու ինչ հետևանքներ կարող է ունենալ: Բայց, քանի որ մեխանիզմն արդեն գործի էր դրվել, նրանց կարծիքներին ականջ դնողներ չեղան: Բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ համայնքների խոշորացման հիմնական նպատակն է՝ խնայված միջոցներով լցնել դատարկվող բյուջեն: Իսկ եթե մի տեղ խոսք է լինում խնայողության մասին, այնտեղ զարգացման հեռանկարն արդեն իսկ իրատեսական չէ: Շատ ավելի ազնիվ և արդյունավետ կլիներ, եթե նախարարը վերլուծեր իր գերատեսչության կողմից արձանագրված սխալները, որոնք այսօր մարզերի բնակիչների համար անհաղթահարելի խոչընդոտների են հանգեցրել…

 

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *