Լռակյաց պատգամավորն իր 27 հազար 107 ընտրողին խոստացել է՝ կփոխվի

23.thumb

Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքները, ռեյտինգային կարգով քվեների մեծամասնություն է ստացել է ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանը՝ 27.107 ձայն, ինչը զարմանք հարուցող էր. չէ՞ որ պատգամավորական տարիներին Ռոբերտ Սարգսյանը հայտնի էր իր պասիվությամբ, լռակյացությամբ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ռոբերտ Սարգսյանը, խոսելով խորհրդարանական ընտրությունների նման ելքի մասին, նշեց, որ իրեն համար քվեների այդ քանակն անակնկալ չէր և սպասում էր նման արդյունքի. «Իհա՛րկե, սպասելի էր: Հստակ, թե ինչ քանակի քվե կստանամ, չգիտեի, բայց որ դրանց թիվը մեծ էր լինելու, սպասելի էր»:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին, որ նախորդ խորհրդարանում երբևէ աչքի չի ընկել ակտիվությամբ, Ռոբերտ Սարգսյանը պատասխանեց. «Ես նախընտրել եմ ավելի շատ ժողովրդի հետ շփվել, այո՛, միգուցե ակտիվ չեմ եղել, բարձրախոսով չեմ խոսել, բայց իմ աշխատանքը կատարել եմ և՛ լիագումար նիստերի ընթացքում, և՛ հանձնաժողովում: Ես ավելի շատ նախընտրել եմ աշխատել ժողովրդի հետ, և խորհրդարանական ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ ժողովուրդն ընտրեց ոչ թե խոսափողով խոսողին, այլ՝ գործ անողին և իր խնդիրներին լուծումներ տվողին»:

Դիտարկմանն՝ արդյոք ինքը հաշվի կառնի՞ իր շուրջ ծավալված քննադատությունները՝  փորձելով ԱԺ-ում իր աշխատելաոճը փոխել, վերջինս պատասխանեց.  «Այո՛, ես իմ ընտրողներին էլ եմ խոստացել, որ փոխվելու եմ, խորհրդարանում ավելի ակտիվ եմ լինելու, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ  քննադատությունների այս  կողմն էլ դուրս գա, բայց, վստահ եմ, որ, եթե անգամ ԱԺ-ում շատ ակտիվ լինեմ, մեկ է՝ քննադատելու բան կգտնեն»:

Ռոբերտ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ իր հաղթանակը տանում-կապում են Տարոն Մարգարյանի ազդեցության հետ: Հարցին նորընտիր պատգամավորը պատասխանեց. «Իմ հաղթանակը տանում  և կապում եմ և՛ Տարոն Մարգարյանի, և՛ իմ ողջ թիմի հետ: Տարոն Մարգարյանը իմ ընկերն ու իմ բարեկամն է: Ընտրությունների արդյունքը բոլորի գնահատականն էր, բայց, միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ սա իմ ընտրությունն էր՝ Սարգսյան Ռոբերտով էր Տարոն Մարգարյանով չէր, իսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ ես եմ  նույն կերպ կանգնելու Տարոն Մարգարյանի կողքին»:

 

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *