Խաբված գյուղացիները կանեն իրենց «քայլը». գարնանը կառավարությունը «կհնձի» իր ցանածը

Տևական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում, թե կառավարությունն այս տարի չի սուբսիդավորելու գյուղացուն տրամադրվող դիզվառելիքն ու պարարտանյութերը։ Ճիշտ է, սուբսիդավորման գործընթացը նախկինում էլ ուղեկցվում էր կոռուպցիոն ռիսկերով, բայց գյուղացիները պարարտանյութի մեկ պարկը գնում էին շուկայականից 25 տոկոս ավելի էժան: Նույնը վերաբերում է նաև դիզվառելիքին: Ըստ շրջանառվող լուրերի, այս տարի գյուղացիներին ասել են, որ չսպասեն պետության աջակցությանը։»
Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր: Ըստ էության, նոր իշխանությունները գյուղատնտեսական հեղափոխությունը հենց այսպես են պատկերացնում՝ գյուղացուն ճակատագրի քմահաճույքին թողնելով: Առանց այդ էլ վերջին 9 ամիսների ընթացքում գյուղատնտեսությունը Հայաստանի ամենատուժած ոլորտն է, որն ամեն ամիս նոր ռեկորդային անկում է արձանագրում: Հաշված օրերից գյուղատնտեսական սեզոնն սկսվում է, բայց չկա պատկերը, թե այս փուլի համար քանի գծամետր-կմ ջրատար պետք է հրատապ հիմնանորոգվի, քանի կմ պետք է մասնակի վերանորոգվի, որպեսզի գյուղացին գոնե ժամանակավոր ջուր ունենա՝ մինչև հիմնավոր լուծումներ կտրվեն:
Միջոց չի տրամադրվել, ուսումնասիրություն չի իրականացվել: Արարատյան դաշտում էլ ձյուն չկա, հուլիսից սկսած՝ նորից ջրի լուրջ խնդիր է առաջանալու, ու մշակված ռազմավարությունն էլ, տնտեսական չհասկացվող հեղափոխությունն էլ՝ գյուղացուն հետաքրքիր չեն, եթե բույսը չորանում է: Իսկ այդ խնդիրների լուծման տարբերակներ գտնելու փոխարեն՝ հունվարին վարչապետին զեկուցում էին, որ 4500 հա «ստվերային» հող են գտել, որովհետև նրան դա էր հետաքրքրում: Հիմա էլ այս ամենին գումարվում է այն, որ ըստ էության՝ գյուղացու սուբսիդավորումն էլ կմնա ավելի լավ օրվան: Սա իր հերթին նշանակում է, որ գարնանը հնարավոր է՝ Հայաստանի գյուղերից արտագաղթի նոր ալիք բարձրանա, եթե իհարկե գյուղացիները չորոշեն անել իրենց քայլը, վեր կենալ և քայլել մինչև վարչապետի նստավայր՝ հեղափոխության օրերին խոստացած արժանապատիվ կյանքը ստանալու նպատակով…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *