Խախտումներ կաթնամթերքի շուկայում. միայն 3 արտադրողի թթվասերն է պիտանի օգտագործման համար

timthumb (1)

Այսօր հանրությանը ներկայացվեց կաթնամթերքի լաբորատոր փորձաքննության հերթական արդյունքները: Ըստ ուսումնասիրության՝ շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասերից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։

Փորձաքննության արդյունքների համաձայն՝ սահմանված նորմերին համապատասխանում և սննդում օգտագործման համար պիտանի են «Բիոկաթ» ընկերության թթվասերը, «Թամարա և Անի» ընկերության «Սմետանա Մասլովնա» թթվասերը և «Մարիլա» ընկերության թթվասերը:

Սահմանված նորմերին չեն համապատասխանում և սննդում օգտագործելու համար պիտանի չեն՝ «Չանախ», «Աշտարակ կաթ», «Թամարա», «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» թթվասերը, , «Արզնի կաթ» թթվասերային մթերքը, «Բոնիլատ», «Էջմիածին Կաթ» ընկերության «Թթվասեր Մոսկովյան Ընտիր» թթվասերը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը նշեց, որ կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները մեր հանրապետությունում մշտապես եղել են. «Խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնվել, բայց պետք է արձանագրել մի բացասական երևույթ, որ մենք չենք ունենում դրական դինամիկա: Ստացվում է՝ մշտապես նկատում ենք, բայց խնդիրները չենք լուծում: Մենք 2017թ. սկզբին դարձյալ ուսումնասիրություն էինք իրականացրել և, փաստացի՝ մեկ տարի անց դարձյալ ականատես ենք լինում նմանատիպ պատկերի: 

Գոնե նախորդ կառավարությունները չէին բարձրաձայնում խնդիրները, իսկ գործող վարչապետն ինքը բարձրաձայնեց թթվասերի անվտանգության խնդիրների մասին, կարծում եմ՝ դա ազդակ էր, որ այս ոլորտը պատշաճ վերահսկողության կարիք ունի: Այդ ինչպե՞ս եղավ՝ հանրային դաշտը, զանգվածային լրատվության միջոցը հասցրեց վարչապետի հայտարարությունից հետո մոնիթորինգ իրականացնել, իսկ պետական մարմինը՝ ոչ»,- ասաց նա:

Պիպոյանը նկատեց, որ պատկան մարմինները մշտապես խոսում են շատ աշխատանքի մասին, բայց իրավիճակը մնում է նույնը: Սա նշանակում է, որ աշխատանքի արդյունավետության ու մեթոդաբանության հետ կապված խնդիրներ կան:

«Ես միշտ, բոլորին ասում եմ՝ զգոնություն ցուցաբերեն այն մթերքների հետ կապված, որոնք կեղծման առումով ռիսկային են: Կարագի գինը թանկացավ, բնականաբար, գնի բարձրացմանը զուգընթաց՝ տնտեսվարողն ինչ-որ հնարքներ պետք է մտածի, կարող է, օրինակ, յուղը փոխարինել ավելի էժան բաղադրիչով: Այսինքն՝ տնտեսվարողն, արժեքը նվազացնելու նպատակով, պետք է ավելի էժան բաղադրիչներ օգտագործի: Օրինակ՝ կարելի է թթվասերի փոխարեն մածուն օգտագործել, քանի որ վերջինիս մեջ յուղի տոկոսը ցածր է»,- ասաց սննդաբանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում, երբ տարբեր տիպի խախտումներ են հայտնաբերվել, նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները չեն հետևում անվտանգության կանոններին, այսինքն՝ կարևոր է ոչ միան վերամշակումը, այլև մթերումը: «Օրինակ, եթե մթերել են կաթ, որը պարունակում է անտիբիոտիկ, ցավոք սրտի, վերամշակողը որևէ բան անել չի կարող: Դրա համար կա անվտանգության կառավարման համակարգ, որի մասին մեր կառավարությունը որոշումներ է ընդունում, ժամանակացույցեր հաստատում, հետո տնտեսվարողները չեն ներդնում, նորից ժամանակացույցերը երկարացնում են»,- նշեց Պիպոյանը՝ ընդգծելով, որ «արջի ծառայություն» մատուցելով տնտեսվարողին՝ ոտնահարվում են սպառողների իրավունքները:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *