Խաղը տանուլ է տրված…

030243053364

«Կարեն Կարապետյանը դեռ շատ է զարմացնելու, անակնկալներ անելու, դեռ շատ կզարմանաք»: Մարտի 25-ին Հայաստանում ներդրողների ակումբի ստեղծման մասին հայտարարությունից հետո ասել էր ակումբի գլխավոր դոնորը՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը:

 

«Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու», հայտարարել էր Սամվել Կարապետյանը:

 

Ներդրողների ակումբը գործում է արդեն մի քանի ամիս, սակայն գործում է միայն թղթի վրա: Իրականում՝ հայտնի չէ, թե ով և որքան ներդրում է կատարել այս ընթացքում մեր տնտեսության զարգացման համար: Դառը իրականությունն այն է, որ տնտեսության վերակենդանացման գործընթացը կարծես թե փակուղի է մտել. չկա խոստացված տնտեսական աճը, հետևաբար, նվազում է նաև կառավարության աշխատանքների հանդեպ հանրային վստահության մակարդակը: Երբ անցյալ սեպտեմբերին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Սերժ Սարգսյանը լուծում էր իր համար առանցքային մի քանի խնդիր: Նախ՝ համակարգը դարձվում էր ամբողջովին վերահսկելի: Ընտրություններից հետո Սարգսյանի համար Կարապետյանի առաքելությունը սպառված է. գործող նախագահին պետք էր ոչ թե բարեփոխված, այլ վերահսկելի համակարգ, որը նա արդեն ունի:

 

Եթե իրավիճակը բնութագրենք Սամվել Կարապետյանի բառապաշարով, ապա այս խաղում վարչապետին հաղթելու համար անհրաժեշտ են գոլեր, որքան շատ՝ այնքան լավ: Հակառակ ճամբարի խնդիրը շատ ավելի հեշտ է. վերջիններս գոլ խփելու կարիք չունեն, նրանց բավական է գոլ բաց չթողնել: 2018–ին ընդառաջ՝ ողջ ներքաղաքական ինտրիգը կայանում է հենց նրանում, թե այս խաղում ով ավելի շատ գոլեր կխփի: Մյուս կողմից՝ ոչ պակաս կարևոր է, թե ով է խաղի մրցավարը: Չմոռանանք, որ հենց մրցավարի սխալներն են, որ հաճախ փոխում են խաղի ընթացքը…

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *