Խոսրով Հարությունյանը կթափանցի Հնդկաստանի, Չինաստանի և այլ շուկաներ

timthumb (1)

Նոր խորհրդարանի պատգամավորներն օրեր առաջ ընտրեցին Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների նախագահներին: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Խոսրով Հարությունյանը՝ փոխարինելով ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին:

 

Ի՞նչ արմատական փոփոխություններ կսպասվեն, ոլորտում առկա ո՞ր հարցերին ուշադրություն կդարձվի և ինչո՞վ կառանձնանա հանձնաժողովը՝ այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Խոսրով Հարությունյանի հետ:

 

«Արմատական փոփոխություններ՝ չեմ կարող ասել՝ կլինեն, թե ոչ, բայց մեր հանձաժողովը  տնտեսության ոլորտում կփորձի իրականացնել այնպիսի ծրագիր, որի նպատակն է ապահովել առավելագույնս նպաստավոր պայմաններ՝ մեր քաղաքացիների եկամուտների ավելացման համար: Դա չի նշանակում, թե այսօր չկան այդ պայմանները, պարզապես ուսումնասիրելու ենք ստեղծված իրավիճակը, առկա պրոբլեմները, որպեսզի էլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծենք փոքր և միջին ձեռնակրատիրության խթանման համար»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է հատկապես արտոնագրային վճարային հարկերի ոլորտին կամ ընտանեկան բիզնեսի ոլորտին:

 

Հարությունյանի խոսքով՝ բոլորի համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ՝ իրենց կարողություններն օգտագործելու և եկամուտները ձևավորելու. «Անկասկած, պայմաններ կստեղծենք և կխթանենք նոր աշխատատեղերի ստեղծմանը: Սա ենթադրում է ներդրումների ներգրավում, արտահանման լուրջ պոտենցիալի ձևավորում, որովհետև մեր խնդիրն է՝ նպաստել հիմնականում տեխնոլոգիապես հագեցած և մրցունակ աշխատատեղեր ստեղծելուն, արտադրական կարողություններ ձևավորելուն»,- նշեց Հարությունյանը և ավելացրեց՝ կստեղծվեն արտադրանքը արտաքին շուկաներում ներկայացնելու և մրցունակ լինելու պայմաններ:

 

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահը նշեց, որ կուսումնասիրեն, կհասկանան՝ ինչ խնդիրներ է պետք լուծել թե՛ տնտեսության դիվերսիֆիկացման, և թե՛ շուկաների դիվերսիֆիկացման նպատակով. «Կօգտագործենք այն հնարավորությունները, որ մենք ունենք թե՛ եվրասիական տնտեսական միության, թե՛ Եվրամիության համագործակցության ոլորտում, հատկապես հարավ-արևելյան՝ Հնդկաստանի, Չինաստանի և այլ շուկաներ թափանցելու համար»:

 

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ այնպիսի տպավորություն է, որ եթե Հայաստանում վերացնենք կոռուպցիան, վերացնենք արդարադատության համակարգում բոլոր դեֆորմացիաները, ամբողջ աշխարհը գալու է Հայաստան, սակայն նրա կարծիքով՝ այդպես չէ. «Մենք աշխարհին ներկայանալու, ազգային բրենդ ձևավորելու խնդիր ունենք: Այսօր, երբ ասում են հայ, շատերն ընկալում են ցեղասպանությունը, մինչդեռ մենք միայն ցեղասպանված ժողովուրդ չենք, ունենք բազմադարյա քրիստոնեական մշակույթ, հզոր մշակույթ և այս ամենի հետ մեկտեղ՝ ունենք հնարավորություն՝ դինամիկ զարգանալու: Հայ ասելով, պետք է հասկանանք բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր կարողությունները, մեր հզոր մաթեմատիկական դպրոցը, ռադիոֆիզիկայի դպրոցը: Մեր նպատակը սա է և այս ուղղությամբ բավականին մեծ քայլեր ունենք անելու. մենք աշխարհին ծանոթ չենք և պետք է ներկայացնենք մեզ»,- նշեց պատգամավորը և եզրափակեց, որ իրենց նպատակն է՝ օգնել կառավարությանը՝ հանրության առջև ծառացած խնդիրներն ավելի արդյունավետ լուծելու:

 

Նշենք՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 15 պատգամավոր: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

 

Սոնա Հարությունյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *