Խորհրդարանի երիտասարդ ակտիվը գրոհել է. ճնշում են…

timthumb (1)

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովում շարունակում է ընթանալ թեժ մթնոլորտում:

Հարցի հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ներկայացնելով նախագծի առավելությունները, նշեց, որ տեղի է ունեցել հանրային լայն քննարկում և կարծիքների շրջանակն էլ լայն է եղել, ինչն, անխոս, դրական է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը փոխնախարարից հետաքրքրվեց՝ նախագծով սահմանված քաղաքացիական հասարակություն եզրույթ ասելով՝ օրենքը գրողներն ի՞նչ են հասկացել:

Հարցին ի պատասխան՝ Վիգեն Քոչարյանը նշեց, որ քաղաքացիական հասարակություն ասելով, նախագիծը մշակողներն ի նկատի են ունեցել այն հասարակական կազմակերպություններն, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում ընտանեկան բռնությունների կանխարգելման նպատակով:

«Որևէ տեղ սահմանված չկա՝ ո՞րն է քաղհասարակությունը, թե չէ՝ ֆեմեն կազմակերպությունը, որտեղ աղջիկները դոշները բացում, իրենց ճղում և չգիտես ինչով են զբաղվում, նույպես իրենց քաղհասարակություն է համարում»,-ասաց Բաբուխանյանը՝ խորհուրդ տալով մեզանից հեռու վանել նմանատիպ կազմակերպությունները:

Հայկ Բաբուխանյանի այս դիտարկումը հունից հանեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին, ով զայրացած տոնայնությամբ դիմեց Հանրապետականի իր գործընկերոջը. «Պարո՛ն Բաբուխանյան, ինչպե՞ս եք կարողանում Ձեզ նման բան թույլ տալ, թերևս սա՞ է Ձեր վերաբերմունքը կանանց նկատմամբ: Ուշադի՛ր եղեք Ձեր ընտրած բառերի նկատմամբ».-հորդորեց Թանդիլյանն՝ իր երկարամյա պատգամավորական փորձ ունեցող գործընկերոջը՝ դժգոհություն հայտնելով նաև նման կարևոր նախագծին հատկացված սուղ ժամանակի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ սա դեկտեմբերի 5-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի ընթացքում արձանագրված արդեն երկրորդ դեպքն է, երբ խորհրդարանի երիտասարդները հակադրվում են բազմամյա փորձ ունեցող պատգամավորներին:

Երեկ էլ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հակադրվեց Խոսրով Հարությունյանին և Վահրամ Բաղդասարյանին՝ հրաժարվելով կատարել Նիկոլ Փաշինյանի փոսափողն անջատելու՝ նրանց պահանջը: 

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *