Խրախճանք ժանտախտի ժամանակ. Աշտարակի քաղաքապետի ճոխությունները

24272331473837834

Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը որդեգրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործելաոճը: Նա ևս չի դադարում պետական միջոցները ծախսել՝ օրինակ՝ գերթանկարժեք նստարաններ ձեռք բերելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ և «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան է ձեռք բերել, որոնցից յուրաքանչյուրն արժե 156 հազար դրամ: Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ: Ինչպես տեսնում եք՝ Երևանի քաղաքապետարանի շռայլությունները տեսնելով, վարակվել են նաև մարզային իշխանները, և ջանք ու եռանդ չեն խնայում պետական միջոցները վատնելու համար։ Եվ հետաքրքիրն այն է, որ այս բոլոր գնումները կատարվում են միայն «Նիկոլ Դուման» ԱԿ-ից, թեև բաց ընթացակարգով կատարվող գնման մրցույթին հայտ են ներկայացնում նաև այլ ընկերություններ: Ի դեպ, առաջին դեպքը չէ, որ Աշտարակի քաղաքապետն աչքի է ընկնում նմանօրինակ շռայլություններով:
Այս տարվա մարտին Թովմաս Շահվերդյանը բյուջեի հաշվին ցանկացել է հաճոյանալ աշխատակազմի կանանց ու նրանց մարտի 8-ի կապակցությամբ գնել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տոմսեր: Աշտարակի քաղաքապետարանի կողմից կնքված պայմանագրերից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ գնվել է 162 տոմս, որի համար վճարվել է 324 հազար դրամ: Առավել հատկանշական է Աշտարակի քաղաքապետարանի և, մասնավորապես, քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կողմից կատարված օծանելիքի գնումը. ըստ պաշտոնական փաստաթղթերի, 23 հատ օծանելիք գնելու համար քաղաքապետարանը բյուջեից հատկացրել է 437 հազար դրամ: Այս նպատակով պայմանագիրը կնքվել է «Վոլոդյա Նորայրի Գալստյան» ԱՁ-ի հետ: Պայմանագիրը կնքվել է ապրիլի 5-ին, իսկ ապրանքը նախատեսված է եղել գնել մինչև ապրիլի 7-ը, հավանաբար, մայրության և գեղեցկության տոնին կանանց նվիրելու համար:
Ավելորդ է ասել, որ Աշտարակ քաղաքում բազմաթիվ՝ ավելի օրակարգային և իրենց լուծմանը սպասող խնդիրներ կան կուտակված: Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում վերջերս լարված իրավիճակ էր՝ ուսուցիչները միացել էին ծնողներին եւ երեխաների համար ուսման արժանապատիվ պայմաններ էին պահանջում: Խմելու ջուր եւ սանհանգույց չունեցող, խարխուլ դպրոցում այդ պայմանները չկան: Ընդ որում՝ ծնողներին և ուսուցիչներին պատկան մարմինները շտապեցին տեղեկացնել՝ գումար չկա: Ի՞նչ է ստացվում՝ նստարանների համար բյուջեում 4 միլիոն դրամ գտնվում է, իսկ երեխաների կյանքի համար վտանգ ներկայացնող կիսաքանդ դպրոցի հիմնանորոգման համար՝ ո՞չ:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *