Խրախճանք ժանտախտի ժամանակ…

timthumb (1)

Երևան քաղաքի 2018 թվականի նոր բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նախորդ տարիներին, առաջիկայում ևս զարմացնելու առիթ են տալու։ 2018 թվականի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 80 մլրդ 189 մլն 969 հազար դրամի չափով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 21 մլրդ 903 մլն 379 հազար դրամ՝ 2017 թվականի նախատեսվածից 1 մլրդ 360 մլն 209 հազար դրամով ավելի: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2016թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 10,9 % ով: 2018թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 80 մլրդ 237 մլն 969 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների 38,3 %-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:
Անհարկի ճոխ ծախսերի համար պարբերաբար քննադատության կենտրոնում հայտնվող քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթով հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 1 մլրդ դրամ տրամադրել տոնական միջոցառումների իրականացմանը, մինչդեռ, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքի տրանսպորտային միջոցների մատչելիությունն ապահովելու համար կտրվի ընդամենը 5 մլն դրամ: Քաղաքի բնակֆոնդի 80 տոկոսը մաշված է, սակայն քաղաքապետարանը վթարային շենքերի քանդման հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին փոխհատուցման համար նախատեսում է տրամադրել ընդամենը 450 միլիոն դրամ։ Քաղաքի կենսագործունեության ամենակարևոր խնդրի՝ հանրային տրանսպորտի բարեփոխման վերաբերյալ, 2018-ի բյուջեում գրեթե ոչինչ չկա: Փոխարենը, 45 միլիոն դրամ հատկացվելու է դրոշակներ գնելու, եւս 45 միլիոն դրամ՝ պաշտպանության համար: Թե ինչից է պաշտպանվելու Երեւանը եւ ումից՝ հայտնի չէ: Պարգևատրումների, դրամական խրախուսուման հարցում քաղաքապետարանը նույնպես առատաձեռն է գտնվել՝ հատկացնելով շուրջ 760 հազար դրամ: Սակայն զավեշտն այսքանով չի ավարտվում: Քաղաքապետարանը պատրաստվում է գալիք տարի նույնպես եկամուտների մի մասը հավաքագրել երևանցիներին տուգանելու եղանակով. այդ ճանապարհով Երևանի բյուջեի համար նախատեսվում է ապահովել ավելի քան 460 մլն դրամի եկամուտ: Այսինքն՝ Մարգարյանի թիմը վստահ է, որ համաքաղաքացիները մոտ կես միլիարդի հասնող օրինախախտումներ թույլ կտան, իսկ դա իր հերթին բարենպաստ հող կնախապատրաստի քաղաքի գանձարանը դատարկ չթողնելու համար:
Այն, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բյուջեի կարեւորությունը գիտակցում է, գաղտնիք չէ: Բավական է տեսնել Երեւանի պճնանքը եւ դրա վրա ծախսվող փողի չափն իմանալ, հասկանալու համար, թե ինչ կարեւոր է բյուջեն Տարոն Մարգարյանի համար: Եթե բյուջեն Տարոն Մարգարյանի համար կարեւոր չլիներ, Երեւանի հարթ փողոցները կլոր շրջանով չէին քերվի եւ վերաքերվի, իսկ ասֆալտանման ներկով ներկվելուց երկու-երեք ամիս անց չէին հիշեցնի Սեւ ծովի ալիքները: Իսկ այդ ամենի համար բյուջեից միլիարդներ են ծախսվում: Եթե Տարոն Մարգարյանի համար բյուջեն կարեւոր չլիներ, ապա բյուջեի հաշվին Երեւանով մեկ չէին ցրվի մի քանի հարյուր հատ 400 դոլարանոց նստարաններ, շենքերի դալանների նկարազարդման ինքնարժեքը մի ամբողջ բնակարանի նորոգման գնի չէր հասնի՝ մոտ 1 միլիոն 300 հազար դրամ, Երեւանում չէին տեղադրվի 300 դոլարանոց աղբամաններ: Երևանի բյուջեի պակասորդը կարող էր կրկնակի նվազել, եթե Տարոն Մարգարյանը չորոշեր մեր մայրաքաղաքի ծնունդն այդքան ճոխ նշել: Չնայած՝ միջոցառումների ճոխության և շքեղության վերաբերյալ փաստերը վստահելի չեն: Հայտնի չէ, թե այդ ամբողջ գումարն ինչի վրա է ծախսվում, փաստացի՝ ապահովված չէ ծախսերի թափանցիկությունը, ինչը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերի կասկած է հարուցում: Եթե նայում ենք կազմակերպվող միջոցառումների ցանկին, ապա դրանց մեջ լուրջ ծախսերի անհրաժեշտություն գրեթե չկա: Ջրցան մեքենաների երթի համա՞ր է արդյոք մեծ գումարներ հատկացվելու, մայրաքաղաքի հուշարձանների լվացմա՞ն, թե՞ նկարների ցուցադրության: Այդ ամենը բյուջեի կարեւորության գիտակցումն է, կամ, ինչպես ասում են՝ սիրեք բյուջեն ձեր մեջ, ոչ թե ձեզ՝ բյուջեում…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *