Ծիծաղող նախագահը և ձախորդ հեղափոխականները

ռոյ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը և ասել է, որ եթե ՀՀԿ-ն պարտություն կրի հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում, ապա ինքն այլևս անելիք չի ունենա քաղաքականության մեջ:

Այս հայտարարությունը տեղավորվում է քաղաքականության դասական կանոնների մեջ: Կուսակցության առաջնորդները հեռանում են պարտությունից հետո: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Դևիդ Քեմերոնը թողնելու է պետական և պահպանողականների առաջնորդի պաշտոնները, որովհետև բրիտանացիների մեծ մասը նրա պես չի մտածում և քվեարկեց Եվրամիությունից հեռանալու օգտին: Սակայն դասական քաղաքականությունը ընդհատվում է, երբ նույն հարցազրույցում Սարգսյանը ծիծաղում է ու բացառում է հանրապետականի պարտության, որ նույնն է՝ իր հեռանալու հեռանկարը:

Եվ իհարկե, ինչո՞ւ չպետք է ծիծաղի Սերժ Սարգսյանը, երբ ընտրություններին մնում է ընդամենը մեկ տարի, իսկ իշխանությունը չունի ռեալ այլընտրանք, բացակայում է քաղաքական որևէ կենտրոն, որը լրջորեն իշխանություն ձևավորելու հայց կներկայացնի: Գործող տիտղոսային ընդիմությունը մաշվել է քաղաքական, բարոյական, կազմակերպչական առումներով: Նիկոլ Փաշինյանի կամ Էդմոն Մարուքյանի նախաձեռնությունները կրեատիվ են, սակայն որևէ կերպ չեն սպառնում գործող իշխանության գոյությանը: Միամիտները դրանում վերջնականապես համոզվեցին Հրազդանի քաղաքապետի վերջին ընտրություններին, երբ ընդիմության մի հատվածի քաղաքական և կազմակերպչական ողջ ռեսուրսն անզոր եղավ հաղթահարելու տեղական ինշխանիկների պատնեշն անգամ:

Սկզբունքորեն Սերժ Սարգսյանն իշխանության երկարաձգման խնդիրը հաջողությամբ լուծել է 2015 թվականին, երբ տարեսկզբին քաղաքականությունը, հայտնի իրադարձությունների հետևանքով, լքեց Գագիկ Ծառուկյանը: Նույն տարվա վերջում ընդունվեց, ըստ էության, նոր Սահմանադրություն, որնիրավաքաղաքական հարթության մեջ լեգիտիմացնում է Սարգսյանի իշխանության վերարտադրության գործընթացը:

Գործող ընդիմության ֆիասկոյի՝ նորի չգոյության պայմաններում, իշխանությանը հակադրվում է կիսապարտիզանական, կիսադիֆիդենտական ու նույնքան կիսահեղափոխական մի խմբակ՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Եթե կուզեք, դա շատ հարմար ու անշառ ընդիմություն է Սարգսյանի համար: Նախ կատարելապես արժեզրկվում էր ընդիմություն և հեղափոխություն հասկացությունները, երկրորդ՝ քաղաքական պայքարի դասական գործիքները մերժող ընդիմության ֆոնին քաղաքակիրթ է թվում անգամ շմայսներով ձևավորված այսօրվա իշխանությունը:

Պատահական չէ, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվում է, ընդ որում՝ պատմական իրադարձություններին ընդառաջ: Մեկը ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ էր, այս անգամ նախորդում էր Հռոմի Պապի այցին:

Երկու դեպքում էլ միջազգային հակազդեցությունը կամ հասարակական ընդվզումը բացակայում էր,գուցե շաբաթներ անց Սեֆիլյանն ազատ արձակվի՝ նախորդ անգամվա կրկնությամբ: Նման ընդիմության ֆոնին իշխանությունն իրեն կարող է հումանիզմի կամ հանդուրժողականության շռայլություն թույլ տալ:

Այսպես էլ ուրախ-զվարթ ապրում ենք, նախապատրաստվում 2017-ի խորհրդարանական ընտրություններին, որոնք հիրավի «տոնական» են լինելու: Հայաստանի Հանրապետական կուսակցության պարտության հեռանկարը ծիծաղելի է: Փաստորեն իշխանությունը «մտածում է» նաև մեր առողջության մասին, որովհետև չափից ավելի ծիծաղելը վնաս է մեր առողջությանը: Ի դեպ,դանդաղ մահվան ճանապարհը ինքներս ենք ընտրել նման իշխանություն և ընդիմություն հանդուժելով:

Սարգիս Հակոբյան  

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *