«Կազինոյի վերածեք Օպերան, պրծե՛ք»

timthumb

Հայաստանի մշակութային համայնքի, ինչու չէ՝ նաև ողջ հասարակության քննարկման թեման մեկն է՝ Օպերայում ռեստորաններ բացել, թե՝ չբացել: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը օրեր առաջ աղմկահարույց հայտարարություն արեց այն մասին, որ ծրագրվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ընտանեկան հանգստի վայրեր, բացօթյա ռեստորաններ ստեղծել: Իհա՛րկե, այս գաղափարը չէր կարող քննադատության չարժանանալ արվեստագետների, ճարտարապետների և հասարակության կողմից: 

 

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում բացասական գնահատական տվեց այդ գաղափարին. «Միանշանակ բացասական եմ գնահատում դա: Մշակութային առումով, իմ մենթալիտետով՝ նման բան չի կարող լինել, ես չէի հանդուրժի: Ես չգիտեմ՝ դրա նպատակը որն է: Եթե նպատակը գումար աշխատելն է, ուրեմն՝ առավել ևս ամոթ է: Ես այստեղ տեսնում եմ բիզնեսի խնդիր»,- նշում է ճարտարապետը:

 

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այն դիտարկմանը, թե աշխարհի ցանկացած օպերային թատրոնում այսօր կան բարձրակարգ սնունդ ապահովող վայրեր, Քալաշյանն ասաց՝ աշխարհում շատ բան կա, որը մենք չենք կարող վերցնել. «Մեր հայի մենթալիտետով մենք շատ բաներ կա, որ չենք կարող ընդունել: Օրինակ՝ աշխարհում միասեռականություն կա, բոլորն ընդունում են, ի՞նչ է, մենք է՞լ պետք է ընդունենք դա: Նույն բանն էլ սա է: Մենք, եթե մեր մտածելակերպը փոխենք՝ դառնանք ամերիկացի, կարող է մտածենք այդ մասին, բայց մենք հայ ենք: Ինձ համար՝ որպես հայի, դա անհանդուրժելի է»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ ցանկացած ծրագիր ու գաղափար իրականացնելուց առաջ պետք է հաշվի առնել հայկական մենթալիտետը:

 

Որպես ճարտարապետ՝ Սաշուլ Քալաշյանը նշեց՝ բացի մշակութային ու մենթալիտետի խնդրից, կարող է առաջանալ նաև ճարտարապետական խնդիր. «Իհա՛րկե, ամեն ինչ էլ կառաջացնի, բայց հարցը դրա մեջ չէ: Հիմա Օպերայի այգու ամբողջ տարածքը լցված է ռեստորաններով ու սրճարաններով: Ի՞նչն է պակաս: Ես չեմ հասկանում: Եթե այդպես է՝ կազինոյի վերածեք Օպերան, պրծե՛ք: Մենք էլ կասենք՝ մեզ մշակույթ պետք չէ, պետք է ընդամենը բիզնես, եկամուտ, փող, փակենք Օպերան ու էլ չասենք՝ Օպերա ունենք»: 

 

Մշակույթի նախարարը խոստացել է՝ երբ նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի, այն կդնեն հանրային քննարկման:

 

Ճարտարապետ Քալաշյանն ասաց՝ ինքը, եթե առիթ լինի, իր կարծիքն անպայման կպնդի:

 

Իսկ մշակութաբան Արա Նեդոլյանը կարծում է, որ Օպերայում ռեստորան բացելը մշակութային դատարկության հետևանք է: «Դա ինչ-որ տեղ հասկանալի է: Օպերայի շատ ցածր հեղինակության և հասարակության մոտ հայտնիության հետևանք է: Ընկերներից մեկը հարցում է կազմակերպում՝ վերջին անգամ ե՞րբ եք եղել Օպերայում, բալետում և հիմնականում մարդիկ պատասխանում են, որ ո՛չ, չեն եղել: Շատ ցավալի է, որ երբ առաջանում է դատարկություն, ապա այդ դատարկությունը լցնում են ոչ ցանկալի բաներով»,- տեսակետ հայտնեց մշակութաբանը:

 

Նեդոլյանն, այնուամենայնիվ, անտեղի համարեց Օպերայի շենքում ռեստորանի կառուցումը. «Կարելի է հասկանալ, թե ինչու է նախարարի մոտ նման գարշելի միտք հղացել: Շենքում, մշակութային առումով, դատարկություն է, Օպերայի ու բալետի թատրոնը շատ քիչ ճանաչելիություն ունի հասարակության մոտ»: 

 

Եվ վերջում ներկայացնում ենք աշխարհի խոշորագույն օպերայի, թանգարանային շենքերից մի քանիսը, որտեղ գործում են ռեստորաններ՝ Վիեննայի օպերայի շենք

 

 

Café Oper Wien ռեստորանը

Սիդնեյի օպերայի թատրոն

Bennelong շքեղ ռեստորանը

Նյու Յորքի ԼԻՆԿՈԼՆ կենտրոնում գտնվող Մետրոպոլիտեն օպերա

The Grand Tier ռեստորանը

Փարիզի Գրանդ օպերա

L’Opera ռեստորանը

Փարիզի Օրսե թանգարան

Շքեղ ռեստորանը

Լուվր

Լուվրում գործում են բազմաթիվ ռեստորաններ, օրինակ՝ Le Café Marly-ն

Քրիստինա Աղալարյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *