«Կամիկաձեությունն»՝ ավելորդ շռայլություն…

լմ

Այն, որ Հայաստանում ամենաքաղաքականացված ոլորտներից մեկը եղել է ու շարունակում է մնալ կրթության և գիտության ոլորտն, ամենևին էլ նորություն չէ. փաստն այս մեծապես պայմանավորված է իշխանությունների բուռն ցանկությամբ՝ սեփական վերահսկողության տակ պահելու մտավորականությանը, երիտասարդ սերնդին թելադրելու սեփական քաղաքական հայացքներից բխած գաղափարներ, ինչու չէ՝ առավել տաղանդավորներին էլ ծառայեցնել սեփական շահերին:

Որևիցե այլ համակարգում վերջին խնդիրն այնքան սուր չի դրված, որքան՝ ԲՈՒՀ-ականում, ուր, կարելի է ասել կուսակցականացվածության աստիճանն այնքան բարձր է, որ տպավորություն է, թե մենք ապրում ենք բռնապետական երկրում, ուր, եթե որևէ երիտասարդ ցանկանում է ոլորտում կարիերայի հույս ունենալ, պետք է անպայմանորեն շտապի՝ իր հնազանդությունը հայտնելու իշխողներին ու «անցնել նրանց թրի տակով»:

Խոսքը, մասնավորապես, ուսանողական խրհուրդների մասին է, ուր տիրող բարքերի մասին իսկական լեգենդներ են պտտվում. ԲՈՒՀ-ական ոլորտում,թերևս, դժվար կլինի գտնել առավել քաղաքականացված օղակ, քան այս մեկն է: Չնայած խնդիրն այս վաղուց է հուզում ոչ միայն ուսանողությանն, այլև մեր հասարակության բավական լայն շերտերին, բայց, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, այդպես էլ մինչև վերջ իշխանությունները հրաժարվում էին անգամ քննարկել սույն խնդիրն ու հանդես գալիս դրա ժխտման դիրքերից՝ համառերոն պնդելով, թե վերհիշյալ պրոբլեմը մտացածին է, սին, իսկ ուսխորհուրդների հանրապետականացվածության այսչափ բարձր մակարդակն էլ պայմանավորված է բացառապես դրանց ղեկավարների ազատ կամարտահայտմամբ.Մարդիկ իբր կամովին, մաքուր խղճով են դարձել հանրապետական՝ պայմանավորված բացառապես գաղափարական մղումներով:

Ու չնայած համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում ԿԳ նախարարությունը պատրաստվում է հասարակական լայն քննակման ներկայացնել բարձրագույն կրթության մասին օրենքը, ուր բարձրագույն կրթության, խորհուրդների խնդիրը, կառուցվածքների հարցը, ուսանողական խորհուրդների դերը, ամեն ինչ հստակեցված է լինելու, ակնհայտ է, սակայն, որ որքան էլ թվա՝ փորձում են ամեն բան բերել ասենք եվրոպական չափանիշների ու մաքսիմալ ինքնավարություն շնորհել համալսարաններին, 2017-ի ընտրություններին ընդառաջ նման քայլը կլիներ ավելորդ ինքնավստահությունից բխած ու իրեն երբեք չարդարացնող քայլ, քայլ, որը կարող է բավական պայթունավտանգ լինել հենց իշխանությունների համար:

Երիտասարդ ինտելեկտուալներին վերահսկելը խիստ կարևոր է եղել ցանկացած իշխանության համար, քանի որ հայտնի է՝ հաճախ հենց ԲՈՒՀ-երն են եղել իշխանություների դեմ ապստամբությունների գլխավոր օրրանը. Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական խրթին կացությունը պարարտ հող է ստեղծել հնարավոր ապստամբությունների, հեղափոխությունների ու նմանատիպ հասարակական-քաղաքական ցնցում առաջացնող երևույթների համար:

Ցավոք, ամեն բան սեփական բռում կենտրոնացնելու բուռն ցանկությունը գալիս է ապացուցելու, որ իշխանությունները հրաշալիորեն հասկանում են այն պարզ ճշմարտությունը, որ դեմոկրատական ընտրությունների, հասարակությանը ազատ կամարտահայտում երաշխավորելու պարագայում իրենք ոչ մի շանս գործնականում չեն ունենալու, ինչն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *