Կառավարության հաշվետվության աստառը…

timthumb (11)

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների: Այն ներառում է պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված՝ ընդհանուր՝ 856,5 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում :
Առանձին հատվածով ներկայացվում են նաև մարզերում իրականացված ծրագրերը, ընդհանուր՝ 170,9 մլն դոլար ծավալով, որոնք ներառված չեն վերոնշյալ 856,5 մլն դոլարի ծրագրերում: Ամենից շատ՝ 293 մլն դոլարի ներդրումներ (հայտարարված ծավալի 26.4%-ը) կատարվել է էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում։ Այս գումարի հիմնական մասը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող ներդրումներն են Ամուլսարի ոսկու հանքավայրում։ Ըստ ներդրումների ծավալի՝ երկրորդ տեղում տրանսպորտի և կապի ոլորտն է (175մլն դոլար), երրորդը՝ քաղաքաշինությունը (99մլն դոլար)։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տարածած պարզաբանման՝ այս թվերի մեջ մտնում են ինչպես՝ պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները։ «Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ»,- նշվում էր պարզաբանման մեջ։
Պետական, այսինքն` պետական բյուջեի հաշվին իրականացվող ներդրումներն արդեն իսկ նշանակում է, որ գործ ունենք ոչ թե օտարերկրյա, այլ տեղական ներդրումների հետ։ Նույնը՝ մասնավոր ներդրումային ծրագրերի հիշատակումն է, առանց շեշտելու, որ դրանք կատարվելու են օտարերկրյա ընկերությունների կողմից։ Վարկային ծրագրերի մասին խոսելն անգամ անիմաստ է. պետական պարտքի օրեցօր ծանրացող բեռը դրա վառ վկայությունն է:
Այսինքն՝ խոսքը ոչ միայն օտարերկրյա, այլ ընդհանուր (այդ թվում՝ նաև օտարերկրյա) ներդրումների մասին է։ Սա շատ նման է արտահանման մակարդակը ՀՆԱ-ի 45%-ին հասցնելու խոստմանը, երբ միայն վերջերս հստակեցվեց, որ կառավարությունը նկատի ունի ոչ միայն ապրանքների, այլ նաև ծառայությունների արտահանումը (այսինքն՝ զբոսաշրջությունը)։ Ուշագրավ է նաև այն անհամաչափությունը, որն առկա է մարզերում կատարված ներդրումների կատարողականում: Ընդհանուր առմամբ՝ մարզերում իրականացվել է 614 ծրագիր, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 154 միլիոն դոլար: Ինչպես երևում է՝ կառավարությանն այդպես էլ չի հաջողվել կատարել իր իսկ խոստումը և մարզերում ներդրումային բում ապահովել:
Ատելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *